Գրուիչի օգտակար խորհուրդները
Աջակցիր «Ա1+»-ինՍերբ հայտնի բասկետբոլային մարզիչ Ալեքսանդր Գրուիչն այսօր հանդիպեց հայ մարզիչների հետ, ապա ցուցադրական մարզում անցկացրեց Հայաստանի պատանեկան հավաքականի հետ:
Գրուիչը, որը վերջին տարիներին Եվրոպայի ուժեղագույն ակումբի` Մոսկվայի ԲԿՄԱ-ի պատանեկան թիմում, ճանաչողական այցով է մեկնել Հայաստան եւ մարզիչների հետ անցկացրեց կարճատեւ սեմինար:
Սերբ մարզիչը կարեւորեց սելեկցիոն աշխատանքների ճիշտ կազմակերպումը: Նա ընդգծեց, որ պատանեկան թիմերի հետ հաջողության հասնելու եւ հետագայում տաղանդավոր բասկետբոլիստներին ազգային հավաքականներին տրամադրելու համար պետք է առաջին հերթին կատարել ճիշտ ընտրություն:
Գրուիչի կարծիքով` Հայաստանի կամ Սերբիայի նման ոչ մեծ երկրներում աշխատանքները կազմակերպելը անհամեմատ հեշտ է, քան գերտերություն Ռուսաստանում. «Որքան համախմբված աշխատեն մարզիչները, այնքան ավելի դրական կլինի ընդհանուր աշխատանքի արդյունքը»:
Այնուհետեւ Գրուիչը մարզում անցկացրեց Հայաստանի 15-16 տարեկանների հավաքականի հետ: Մարզմանը մասնակցում էին նաեւ Ռուսաստանից հրավիրված 6 հայազգի բասկետբոլիստ: Ռուսաստանից հրավիրվածների կարողությանը Գրուիչը անձամբ էր ծանոթ, քանի որ նրանք Ռուսաստանում մարզվել էին սերբ մասնագետի գլխավորությամբ:
Երկար տարիներ աշխատելով սերբական եւ ռուսական թիմերում` Գրուիչը մշակել է նաեւ պատանեկան բասկետբոլը զարգացնելու ինքնատիպ ծրագիր, որը շուտով կարող է կիրառվել նաեւ Հայաստանում: Սերբ մասնագետը առայժմ Հայաստանում ծանոթանում է հայկական բասկետբոլին, նրա ենթակառուցվածքներին եւ կարողություններին: Առաջիկա օրերին արդեն պարզ կլինի, թե հետագայում Գրուիչը ինչպես է համագործակցելու Հայաստանի հետ:
Չի բացառվում, որ Ալեքսանդր Գրուիչը 2009 թ. ամռանից դառնա Հայաստանի հավաքականի թիմերի համակարգողը: