Տղաներն ավելի շատ են
Աջակցիր «Ա1+»-ինԵրեւանում մեկնարկել է շախմատի Հայաստանի պատանեկան առաջնությունները: Հայաստանի ուժեղագույն պատանի շախմատիստները եւ շախմատիստուհիները հանդես են գալիս 5 տարիքային խմբերում:
Տղաների պայքարում առավել շատ մասնակիցներ են հանդես գալիս 14 տարեկանների պայքարում, որտեղ չեմպիոնի կոչման համար պայքարում են 36 պատանիներ: 14 տարեկանների պայքարում 3-րդ տուրից հետո նույնքան միավոր է վաստակել Կարեն Գրիգորյանը: 34 մասնակիցներով ընթացող 16 տարեկանների առաջնության մրցաշարային աղյուսակը 3-ական միավորով գլխավորում են Դավիթ Շահինյանը եւ Տիգրան Ս. Պետրոսյանը: 34 շախմատիստ է հանդես գալիս նաեւ 12 տարեկանների պայքարում, որտեղ 3-ական միավոր են վաստակել Կարեն Հովհաննիսյանը, Մարատ Մեժլումյանը եւ Տիգրան Հարությունյանը:
Ամենակրտսեր տարիքային խմբում` 10 տարեկանների առաջնությունում հանդես են գալիս 30 շախմատիստներ:
Իսկ ահա 18 տարեկանների առաջնությանը մասնակցում են 11 շախմատիստներ, որոնք մրցում են շրջանակային մրցակարգով: 5-րդ տուրից հետո մրցաշարային աղյուսակը 5 միավորով գլխավորում է Ռոբերտ Հովհաննիսյանը, որը միջազգային հանդիպումների զգալի փորձ ունի:
Աղջիկների պայքարում մասնակիցների թիվը ավելի քիչ է: Առավել աշխուժություն է նկատվում 14 տարեկանների պայքարում, որտեղ հանդես են գալիս 26 շախմատիստուհիներ, իսկ ահա մյուս 4 տարիքային խմբերում մասնակիցների թիվը տատանվում է 10-ից 16-ի սահմաններում:
Հայաստանի առաջնություններում հաջողության հասած պատանիները իրավունք են ստանալու աշնանը մասնակցել Եվրոպայի եւ Աշխարհի պատանեկան առաջնություններին: