Բժիշկները թույլ են տվել
Աջակցիր «Ա1+»-ինՖուտբոլի Հայաստանի հավաքականի եւ Երեւանի «Միկայի» պաշտպան Ալեքսանդր Թադեւոսյանը վերջին ամիսներին վնասվածքի պատճառով դուրս չէր գալիս խաղադաշտ: Ֆուտբոլիստը «Ա1+»-ին հայտնեց, որն արդեն վերսկսել է մարզումները:
Վերջին շրջանում խաղացողը բուժման կուրս է անցնում, որը շարունակում է, սակայն բժիշկները Թադեւոսյանին արդեն թույլ են տվել մարզումներ անցկացնել: Աճուկային շրջանում ունեցած վնասվածքի պատճառով Թադեւոսյանը, որը այս տարի է պայմանագիր կնքել «Միկայի» հետ, առայժմ նոր ակումբի կազմում որեւէ հանդիպման չի մասնակցել:
«Արդեն 2 մարզում եմ անցկացրել: Թե ցավեր չզգամ, ապա մոտ ապագայում հավանաբար դուրս կգամ խաղադաշտ: Թե կոնկրետ երբ դա տեղի կունենա, դժվարանում եմ ասել»,-նշեց Թադեւոսյանը:
Ալեքսանդրը թեեւ դուրս չի գալիս խաղադաշտ, սակայն ուշադրությամբ հետեւում է «Միկայի» ելույթներին եւ չի ափսոսում, որ պայմանագիր է կնքել երեւանյան թիմի հետ. «Շատ լավ թիմ է եւ ուրախ եմ, որ հայտնվել եմ այս կոլեկտիվում: «Միկայի» խաղից լավ տպավորություն եմ ստացել եւ կարծում եմ, որ թիմը կարող է պայքարել լավ արդյունքների համար: Դա միանգամայն իրատեսական է»:
Ալեքսանդր Թադեւոսյանը հանդիսանում է Թբիլիսիի «Դինամոյի» մարզադպրոցի սան: Նախկինում ելույթ է ունեցել Երեւանի «Արարատում» եւ «Փյունիկիում», իրանական «Շիրազում» եւ բելառուսական «Վիտեբսկում»: Հայաստանի հավաքականի կազմում անցկացրել է 39 հանդիպում: