Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կհարգեն զոհերի հիշատակը

Սպորտ

Ապրիլի 25-ին Երեւանում մեկնարկելիք ուշուի միջազգային մրցաշարի մասնակիցներից միայն Թուրքիան է հրաժարվել ժամանել Հայաստան: Մրցաշարի մյուս 8 մասնակից հավաքականները ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդում կհարգեն 1915 թ. Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը:

Հայաստանի ուշուի ֆեդերացիայի նախագահ Տիգրան Չոբանյանը «Ա1+»-ի հետ զրույցում ասաց, որ Թուրքիան պատրաստ էր մասնակցել մրցաշարին եւ նույնիսկ Երեւանում պատվիրել էր հյուրանոցային համարներ. «Թուրքիայի կառավարությունը թույլատրել էր թուրք մարզիկներին ժամանել Երեւան: Թուրքիան 25 հոգանոց պատվիրակությամբ էր մասնակցելու մրցաշարին: Սակայն Թուրքիայի ներքին անվտանգության ծառայությունները թույլ չեն տվել նրանց ժամանել Հայաստան: Ըստ երեւույթին պատճառը քաղաքական է եղել»:

Ֆեդերացիայի նախագահի կարծիքով` Թուրքիայի ուշուի հավաքականը իրոք ցանկանում էր մասնակցել մրցաշարին. «Հաջորդ տարի ուշուի Եվրոպայի առաջնությունը կայանալու է Թուրքիայում եւ նրանց համար երեւանյան մրցաշարը լավ առիթ էր եւս մեկ անգամ գովազդել հաջորդ տարվա առաջնությունը»:

Մրցաշարը նվիրված է զոհերի հիշատակին եւ բացի Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի հավաքականներից ելույթ կունենա նաեւ Ռուսաստանի, Վրաստանի, Իրանի, Ուկրաինայի, Լիբանանի, Ուզբեկստանի եւ Ղազախստանի հավաքականները: Տիգրան Չոբանյանը հայտնեց, որ ավանդական մրցաշարը մեկնարկելու է ապրիլի 25-ին Երեւանի «Դինամո» մարզահամալիրում: Բացման արարողությանը ներկա է լինելու նաեւ Սպորտի եւ երիտասարդության հարցերով նախարար Արմեն Գրիգորյանը, որը հանդես կգա ողջույնի խոսքով:

Առաջնության մասնակիցները ապրիլի 24-ին կլինեն արդեն Երեւանում, եւ այդ օրը կկայանա վիճակահանություն, որից հետո բոլոր մասնակիցները միասին կայցելեն Ծիծեռնակաբերդ: Ընդհանուր առմամբ մրցաշարին մասնակցելու է շուրջ 160 ուշուիստ: