ԴԱՏԱՐԱՆՆ ԱԶԱՏԱԳՐԵՑ ԿԱՊՈՒՂԻՆԵՐԻ ՄՐՑՈՒՅԹԸ. ԻՆՉՔԱ՞Ն ԺԱՄԱՆԱԿՈՎ
Աջակցիր «Ա1+»-ինՏնտեսական դատարնում ավարտվեց հինգ հեռուստաընկերություններ ընդդեմ Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի դատավարությունը։ «ԱրմենԱկոբ», «Երեւան», CNN, TV-5 եւ «Դար 21» հեռուստաընկերությունների հայցը մերժվեց։
Այդ կայանները հանձնաժողովից պահանջում էին փակ վիճակում վերադարձնել մրցութային փաթեթները եւ 7 օր ժամանակ տալ դրանցում փոփոխություններ անելու եւ փակ վիճակում վերադարձնելու համար։ Կայանները իրենց պահանջը հիմնավորում էին այսպես՝ մրցույթը մեկ անգամ հետաձգվել է, փաթեթում առկա ներդրումային պարտավորությունների ժամկետները խախտվել են եւ անհրաժեշտ է դրանք փոխել։
Դատարանից՝ այս հարցով վճիռ կայացնելու համար, պահանջվեց 1 ամիս։ Դատական նիստը երեք անգամ հետաձգվեց։ Այսօր կայացած դատական նիստում դատավոր Խունդրակյանը ամբողջությամբ մերժեց հինգ հեռուստաընկերությունների ներկայացրած պահանջը։
Դատարանի որոշումը 15 օրվա ընթացքում կարող է բողոքարկվել Վճռաբեկ դատարանում։ «ԱրմենԱկոբ», Երեւան- TV, CNN, TV-5 եւ «Դար 21» հեռուստաընկերությունների շահերի ներկայացուցիչ Կարեն Մեջլումյանը դեռ պատրաստ չի պատասխանելու՝ իրենք բողոքարկելու են վճիռը, թե՞ ոչ։
Բողոքարկել- չբողոքարկելու խնդիրը կարող էր ավելի պարզ լինել, եթե այս դատական մարաթոնը չառնչվեր «Ա1+»- ի հետ։ Ինչքան շուտ կայանա մրցույթը, այնքան շուտ «Ա1+»- ը հեռարձակման լիցենզիա ստանալու հնարավորություն կունենա։ Դատական գործերն անուղղակիորեն «Ա1+»- ին խանգարելու նպատակ ունեն։ Սա առաջինը։
Եւ երկրորդը՝ «ԱրմենԱկոբ», Երեւան- TV, CNN, TV-5 եւ «Դար 21» հեռուստաընկերությունները գործում են առանց լիցենզիայի։ Այդ 5 կայանները հանգիստ կարող են մի բողոք տանել Վճռաբեկ դատարան եւ իրենց անլիցենզիա գոյությունը երկարաձգել եւս 45 օրով։
Նման զարգացման դեպքում մրցույթը կարող է կայանալ մայիսի երկրորդ տասնօրյակում՝ հայտարարվելու օրվանից 7 ամիս անց։ Սա լավագույն դեպքում։ Ոչ ոք չի կարող երաշխավորել, որ ՀՌԱՀ- ի հերթական դատական հայցի արդյունքում մրցույթը հերթական անգամ չի հետաձգվի։
Անցած ամսվա ընթացքում ոլորտի օրենսդրությունը լավ սերտած հինգ հեռուստաընկերությունների շահերի ներկայացուցիչները համոզված են, որ ցանկության դեպքում դատական հայցերի միջոցով կարելի է մրցույթի անցկացումն անվերջ ձգձգել։