Եզրափակիչին մոտ արդյունք
Աջակցիր «Ա1+»-ինԱթլետիկայի Եվրոպայի 2009թ. առաջնությունում Հայաստանը կներկայացնեն 2 հեռացատկորդներ: Հայաստանի աթլետիկայի ֆեդերացիան նման եզրահանգման է եկել Հայաստանի ձմեռային բաց առաջնության ավարտից հետո: Ֆեդերացիայում ՚Ա1+ՙ-ին հայտնեցին, որ հեռացատկորդները մարտի 5-ից 9-ը Իտալիայի Թուրին քաղաքում կմասնակցեն Եվրոպայի առաջնությանը:
Տղամարդկանց պայքարում հաջող է ցատկել Արսեն Սարգսյանը, որը ցույց է տվել 7.76 մ արդյունք: Սարգսյանը Հայաստանի նախորդ առաջնությունների համեմատ ավելի հաջող է ելույթ ունեցել, թեեւ սա Սարգսյանի լավագույն արդյունքը չէ: Նախորդ տարի Մոսկվայում Արսենը ցույց էր տվել 7.77 մ արդյունք: Ամեն դեպքում 7.76 մ արդյունքը Եվրոպայի առաջնությունում կրկնելու դեպքում Սարգսյանը առնվազն կհայտնվի եզրափակիչի մասնակիցների շարքում:
Կանանց պայքարում բարձր արդյունքներ չեն գրանցվել: Այստեղ առաջատար Հայկանուշ Բեգլարյանը բացակայում էր, քանի որ Իրանում մասնակցում էր ՚Արեւածագի 10 օրՙ միջազգային մրցաշարին: Արդեն տեղեկացրել էինք, որ Հայկանուշը հաղթել էր Իրանի մրցաշարում, եւ հենց նա էլ իրավունք է ստացել Հայաստանի կազմում ելույթ ունենալ Եվրոպայի առաջնությունում:
Հայաստանի բաց առաջնությունում համեմատաբար բարձր արդյունքներ են գրանցվել վազքում: 50 մ տարածությունը Արման Անդրեասյանը անցել է 5.97 վայրկյանում: Իսկ կանանց պայքարում Վիկտորյա Հայրապետյանը ցույց է տվել 6.85 վայրկյան արդյունք: Սակայն այս մարզիկները Եվրոպա չեն մեկնելու: Աթլետիկայի միջազգային ֆեդերացիան Հայաստանին 2 տեղ է տրամադրել առաջնությունում, եւ Հայաստանի աթլետիկայի ֆեդերացիան որոշել է այդ տեղերը հատկացնել վերը նշված հեռացատկորդներին: