Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՔԱՂԱՔԱԿԱՆ ՍՊԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀՅԴ-ն Է ԿԱՏԱՐՈ՞ՒՄ

Քաղաքականություն

Ինչո՞ւ ՀՀՇ-ն չմիացավ «Այլընտրանք» նախաձեռնությանը: Այս եւ մի շարք այլ հարցերին է պատասխանում «Այլընտրանք»-ի նախաձեռնող խմբի անդամ, ՀՀՇ վարչության անդամ Երջանիկ Աբգարյանը: -

-Սա ըստ էության, անձերի միավորում է, եւ բնականաբար բոլորը ազատ են, ով ցանկություն ունի. ցանկություն այս պահի դրությամբ արտահայտել են այս մարդիկ եւ նախաձեռնող խումբն է ստեղծվել: Հետագայում մեր դուռը բաց է բոլոր ցանկացողների համար, որոնք ծանոթանալով մեր բրոշյուրին, բնականաբար, տեսնում են այնտեղ որոշակի համակարգված մտածողություն, թե ինչպես երկիրը դուրս հանել այդ հանցագործությունների, միջազգային հարաբերությունների, Հայաստանի դիրքի բացառիկության, տնտեսական դրության խայտառակ իրավիճակից դուրս գալու ճանապարհներն այնտեղ նշված են: -

-Պարոն Աբգարյան, մեկ անգամ հասարակությունը վստահության քվե տվեց ձեր ներկայացրած քաղաքական ուժին, հույս ունեք, որ այսօր նորի՞ց ձեզ կվստահի, եւ հետո չե՞ք կարծում, որ հասարակությունը հոգնել է նույն դեմքերից եւ անհրաժեշտ են նորերը, թե չէ մի տեսակ տեղապտույտի մեջ ենք հայտնվել: -

-Ներողություն: Ձեր հարցը պարունակում է մեթոդոլոգիական սխալ. ընդհանրապես ամբողջ համաշխարհային քաղաքականության մեջ լինում են որոշակի ուժեր եւ դրանք բնականաբար հայցում են ժողովրդի վստահությունը. այն անգամ մեզ վստահեցին, մենք երկիրը դուրս բերեցինք բացարձակապես քաոսից, պատերազմից եւ այլն, եւ այլն, այնուհետեւ ճանապարհների հարցն էր որոշվելու, այսինքն` դեպի ուր էր զարգանալու պատերազմից հետո. մենք ընտրեցինք խաղաղության ուղին, որպեսզի կարողանանք քաղաքական հիմքի վրա լուծել ասենք, Հայաստանի բոլոր հարցերը. առաջին հերթին Ղարաբաղյան հակամարտության լուծումն էր, առանց որի Հայաստանի տնտեսությունը չէր կարող զարգանալ եւ Հայաստանը կմեկուսանար աշխարհի քաղաքական քարտեզի վրայից: Մենք դա զգուշացնում էինք 90-ականների կեսերից: Եթե ենթադրում եք, որ ժողովուրդը մեզ ինչ-որ ժամանակ սեւացրել է եւ այսօր էլ շարունակում են մարդկանց աչքում մեզ սեւացնել, դա` այլ հարց: Բայց մենք քաղաքական առումով մեր գործը կարողացանք կատարել ամենավատթարագույն պայմաններում: Մենք հույս ունենք, որ ժողովուրդը հասկացել է, ով՝ ով, ինչ՝ ինչ: Եվ նորից նրա վստահության հարցն ենք հայցում. այսինքն, մենք երկրորդ անգամ էլ, երրորդ անգամ էլ, տա Աստված, հինգերորդ անգամ էլ կարողանանք մեր ժողովրդի վստահությունը մի քիչ վերականգնել: -

-Իսկ ձեր թիմը զգո՞ւմ է արդյոք գործող իշխանությանը «բերելու» պատասխանատվությունը: -

-Դա շատ կարեւոր հարց է, որը ծամծմվում է հասարակության մեջ: Ես ասեմ. դրանց բերել է ռուսական հատուկ ծառայությունները՝ ԳՌՈՒ-ն եւ ՓՍԲ-ն, բերել են եւ փաթաթել հայ ժողովրդի վզին: -

Այսինքն, Ռոբերտ Քոչարյանին Ղարաբաղից Լեւոն Տեր-Պետրոսյա՞նը չբերեց Հայաստան: -

-Մի րոպե, Լեւոն Տեր-Պետրոսյանը նրան բերել է որպես վարչապետ, ոչ թե երկիրը զավթելու համար, նախագահի աթոռը զավթելու համար: -

-Վազգեն Սարգսյանի՞ն էլ եք կապում ԳՌՈՒ-ի եւ ՖՍԲ-ի հետ: -

-Վազգեն Սարգսյանը այդ գործում, ներողություն, շատ միամիտ, քաղաքականապես ոչ հասուն մարդու տպավորություն թողեց, նա չհասկացավ՝ գործը ուր է գնում, ուղղակի գիտելիքների բացակայության պատճառով, մի քիչ ազգայնականության մոդայիկ կողմերին տուրք տալով նա գնաց դրան, բայց մայիս ամսին հասկացավ իր սխալը եւ դրա համար նրա հետագա քայլերը չէին համընկնում Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի քայլերի հետ: -

Պարոն Աբգարյան, այսօրվա իշխանությունը արդարանալու ձեւը գտել է, եւ հայտարարում է, որ իրենց ժառանգվել է այնպիսի համակարգ, ինչպիսին կա: -

-Նման համակարգ իրենք չեն ժառանգել: -

-Ասենք, քաղաքական սպանություններ ձեր իշխանության ժամանակ չէ՞ին կատարվում: -

-Քաղաքական սպանություններ իշխանության կողմից նրանք չեն կարող մեզ որեւէ մի հատ ցուցադրել, գոնե: Երկրորդ, եթե քաղաքական սպանություններ լինում էին, ապա կատարվում էր ընդդիմության կողմից. եթե ուշադրություն դարձրած լինեք, մինչեւ 1995 թիվը կատարվող սպանությունները եւ այն էլ անմիջապես դադարեցին, երբ ՀՅԴ-ի գործունեությունը կասեցվեց: Իսկ 1998 թվականից հետո, երբ որ կասեցումը վերացավ, տեղնուտեղը վերսկսվեցին սպանությունները եւ մինչեւ օրս շարունակվում են:

Զրուցեց Դիանա Մարկոսյանը