Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀԱՅԱՍՏԱՆԸ ԵՎ ԹՈՒՐՔԻԱՆ ԴԱՐՁՅԱԼ ՄՐՑԱԿԻՑՆԵՐ

Սպորտ


Հայաստանի եւ Թուրքիայի ֆուտբոլային ճանապարհները կրկին կխաչվեն: Այսօր Դանիայի Օրխուս քաղաքում կայացած Եվրոպայի 2011թ. երիտասարդական առաջնության ընտրական փուլի վիճակահանության արդյունքում Հայաստանի եւ Թուրքիայի հավաքականները հայտնվել են 2-րդ խմբում:


Վիճակահանությունից առաջ ՈՒԵՖԱ-ի անդամ 52 հավաքականները, ըստ իրենց վարկանիշների, բաշխվել էին 5 զամբյուղների: Հայաստանի երիտասարդական հավաքականը ընդգրկված էր 3-րդ զամբյուղում:


Վիճակահանության արդյունքում Հայաստանը հայտնվեց 2-րդ խմբում, որտեղ մեր երիտասարդների մրցակիցները կլինեն Թուրքիան, Շվեյցարիան, Իռլանդիան, Վրաստանը եւ Էստոնիան:


Հայաստանի եւ Թուրքիայի ֆուտբոլային հավաքականների միջեւ հանդիպումները վերջին շրջանում բավական շատ են: 2008թ. միմյանց հետ հանդիպեցին ազգային հավաքականները, որոնց դեռեւս մեկ հանդիպում էլ պետք է անցկացնեն 2009թ. հոկտեմբերին: Ինչ վերաբերվում է երիտասարդական հավաքականներին, ապա Հայաստանի երիտասարդականը 2008թ. օգոստոսին Երեւանի «Հրազդան» մարզադաշտում 2:1 հաշվով հաղթել է Թուրքիային, իսկ սեպտեմբերին հյուրընկալվելիս պարտվել 0:4 հաշվով: Նախորդ տարի միմյանց հետ մրցել են նաեւ մինչեւ 19 տարեկանների Հայաստանի եւ Թուրքիայի տղաների ու աղջիկների հավաքականները: Ներկայումս Հայաստանի երիտասարդական հավաքականը չունի գլխավոր մարզիչ: 2008թ. երիտասարդականը գլխավորում էր Վարուժան Սուքիասյանը, սակայն նրա պայմանագրի ժամկետը ավարտվել է եւ երկարաձգման մասին խոսք չկա: Օրերս ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Յան Պոուլսենը հրավիրված ասուլիսում նշել էր, որ երիտասարդական հավաքականի նոր մարզչի անունը հայտնի կդառնա փետրվարի 2-րդ կեսին: