ԿԱՐԱՏԵՆ ԼՈՒՐՋ ՀԱՐՎԱԾ Է ՍՏԱՑԵԼ
Աջակցիր «Ա1+»-ին
Հայաստանում գործող կարատեի որոշ խմբակներ արդեն փակվում են, մարզիչներից ոմանք հեռանում են մարզաձեւից, իսկ կարատեի ֆեդերացիան զգալիորեն կրճատել է միջազգային մրցաշարերի քանակը: Պատճառը ֆինանսական է, քանի որ այս տարի պետբյուջեից մարզաձեւին հատկացվող գումարը կրճատվել է 55%-ով:
2008թ. կարատեին հատկացվել էր 20 մլն դրամ, իսկ 2009թ. բյուջեով նախատեսված է 9.5 մլն դրամ: Բյուջեից ֆինանսավորվող 29 ֆեդերացիաների շարքում կարատեին միակն է, որի գումարը ավելանալու փոխարեն պակասել է:
«Մենք տեղյակ չենք, թե որոնք են կրճատման պատճառները: Վերջին տարիներին լավ արդյունքներ ունեցել ենք: 2007թ. Արգենտինայում նվաճեցինք աշխարհի չեմպիոնի կոչումը, 2008թ. ԱՄՆ-ում կայացած կարատեի բոլոր աստեղերի ավանդական մրցաշարից 13 ոսկե, 6 արծաթե եւ 3 բրոնզե մեդալով վերադարձանք»,-«Ա1+»-ի հետ զրույցում ասած Հայաստանի կարատեի ֆեդերացիայի նախագահ Գրիգոր Միքայելյանը:
Այս տարի կայանալիք միջազգային խոշոր մրցաշարերին հայ կարատեիստների մասնակցությունը հարցականի տակ է: Մարտ ամսին կայանալու է Հայաստանի մեծահասակների առաջնությունը, որում առավել աչքի ընկած մարզիկները պետք է մայիսին մասնակցեն Սերբիայում կայանալիք Եվրոպայի առաջնությանը: Բայց ֆեդերացիայում առայժմ տեղյակ չեն, թե արդյոք կհաջողվի գտնել միջոցներ Սերբիա մեկնելու համար:
Կան նաեւ մրցաշարեր, որոնց մասնակցելը պարտադիր է: Ֆեդերացիան որոշել է եղած միջոցներով անպայման մասնակցել նոյեմբերին Մարոկոյում կայանալիք երիտասարդների եւ պատանիների աշխարհի առաջնությանը:
Ֆինանսական խնդիրներ են առաջացել նաեւ հանրապետական մրցաշարերում: Երեւանում տեղի ունեցող մրցաշարերից հետո ֆեդերացիան փոխհատուցում էր մարզերից ժամանած մարզիկների ծախսերը, սակայն այս տարի նույնը անել չի կարող: Կրճատված բյուջեի պատճառով կարատեից հեռացել են մի շարք մարզիչներ, որոնք կատարվածը ընդունել են որպես անլուրջ վերաբերմունք դեպի մարզաձեւը եւ այժմ այլ աշխատանք են փնտրում: