Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՈՍԿԻՆ ԹԱՆԿԱՑԵԼ Է

Հասարակություն


Վերջին 4 օրերի ընթացքում ոսկու շուկայում գների բարձրացում է արձանագրվել` ոսկու գնի մեկ գրամը թանկացել է 1,5-ից 2 դոլարով: Այդ մասին «Ա1+»-ին ասացին Խորենացու փողոցի վրա գտնվող ոսկու շուկայի աշխատողները: Եթե մի քանի օր առաջ ոսկու 1 գրամը (լոմը) վաճառվում էր 13-ից 14 ԱՄՆ դոլարով, հիմա այն 15.5 դոլարով է վաճառվում:


Զարդերի գները եւս բարձրացել են` վզնոցների եւ շղթաների 1 գրամը վաճառվում է 19 ԱՄՆ դոլարով, իսկ մատանու 1 գրամը` 20-ից մինչեւ 25 դոլարով: Անխառն ոսկու գինը եւս բարձրացել է 2 դոլարով` 1 գրամի համար հասնելով 30-ից 30.5 դոլարի:


«Մենք մեղք չունենք, մեր ապրանքների գների բարձրացումը կամ իջեցումը կախված է համաշխարհային շուկայում ոսկու գնի բարձրացման կամ իջեցման հետ , մեր աշխատանքի գինը նույնն է»,- ասաց ոսկե զարդեր վաճառող Ալինան:


Վաճառողները, սակայն նշում են, որ իրենք չեն զգում, թե ինչպես է ազդել վերջին թանկացումը առեւտրի ծավալների վրա, քանի որ տոներից առաջ եւ հետո իրենք շաբաթներով առեւտուր չեն անում. «Միջանցքներում դատարկ է, գնորդ չկա,վաճառողները ավելի շատ են, օրեկան նույնիսկ 10 գնորդ չի մտնում շուկա»:


Շատ վաճառողներ էլ նշում էին, որ ստիպված են հրաժարվել շուկայում իրենց տաղավարներից.«Ավելի լավ է չաշխատենք, քան անուն հանենք, որ աշխատում ենք եւ պարտքեր կուտակենք մեր գլխին»:


Իսկ մեր այն հարցին, թե ֆինանսական տնտեսական ճգնաժամը չի՞ ազդել արդյոք Հայաստանում ոսկու գների վրա, երբ ԱՄՆ-ում 350 կամ 400 դոլարանոց ոսկյա զարդը հիմա խանութներում վաճառվում է 40-ից 50 դոլարով, վաճառող Աշոտն ասաց, այնտեղ նրանք «300 դոլարանոց ապրանքի մեջ 150 դոլար օգուտ ունեն, իսկ մեզ ապրանքի մեջ 20-ից 30 դոլար օգուտ է մնում»:


Վաճառողները կարծում են, որ շուտով կկարողանան օրը գոնե մեկ զարդ վաճառել, քանի որ առջեւում Տյառընդառաջն է եւ Մարտի 8-ը: