Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՕՐԳԱՆԱԿԱՆ ԹԱՓՈՆՆԵՐԸ «ՀԱՆԳՐՎԱՆ» ՉՈՒՆԵՆ

Մարզեր


Գյումրիի կենցաղային աղբանոցն արդեն մոտենում է բնակավայրերին: Շներով ու մարդկանցով հարուստ աղբանոցում, բացի կենցաղային աղբից, թափվում է ամեն ինչ: Բավական է ասել, որ հիվանադանոցներից օրգանական թափոնները ուղիղ տեղափոխվում են կենցաղային աղբանոց: Օրգանական թափոնների առկայությունն աղբանոցում ցանկացված պահի կարող է թողնել իր բոլոր հնարավոր բացասական հետեւանքները: Այս մասին տեղյակ են տեղի պատասխանատուները:

Գյումրիի ծննդատունը, Ուռոլոգիական հիվանդանոցը, Դիահերձարանը օրգանական թափոններ արտանետող հիմնական բուժհաստատություններն են: Հիվանադանոցներում դժվարացան ասել, թե օրական որքան օրգանական թափոն են արտանետում: Ասում են՝ կախված է վիրահատության թվից ու տեսակից: Սակայն բնավ էլ վառ երեւակայության կարիք չկա հասկանալու համար, թե ամսական մոտավորապես որքան օրգանական թափոններ են արտանետում այս երեք կառույցները միասին, ընդ որում ուղիղ դեպի կենցաղային աղբանոց: Դեռ Խորհրդային տարիներից քաղաքը կրեմատորիաներ չի ունեցել, մինչեւ օրս էլ խնդիրն առկախ է:

Պետական որեւէ լուրջ մոտեցում ու ծրագիր չկա: Արդյուքնում յուրաքանչյուր հիվանադանոց ինքն է իր թափոնների տերը եւ ինքն էլ պիտի ոչնչացնի: Հիվանդանոցներն էլ ելքը գտել են աղբանոցում: Այստեղ էլ փաստորեն աղբահանների խղճին է մնում` կամ կթաղեն ձմռան կեսին, կամ էլ կլցնեն ընդհանուր աղբանոցում:

Օրգանական թափոնների մասին խոսել խուսափում են բոլորը: Ուռոլոգիական հիվանդանոցում տնօրենն ուղղակի հրաժարվեց մեկնաբանություններ տալ: Այստեղ վիրահատությունները շատ են, թափոնները նույնպես, բայց այս թեման արգելված է: Օրգանական թափոնների վերացման տարբերակ հիվանդանոցներից եւ ոչ մեկը չունի, իսկ թափոնները հանաք բան չեն, սրանք խիստ բարձր ջերմասիճանում պիտի այրվեն:

Երեք տարի առաջ որոշվեց, որ յուրաքանչյուր հիվանադանոց պիտի ունենա իր կրեմատորիան, ֆինանսավորումն էլ պետբյուջեից էր լինելու: Իսկ երբ 2006-ի հունավարի մեկին «Հուղարկավորությունների կազմակերպման եւ գերեզմանատների ու դիակիզարանների շահագործման մասին» օրենքն ուժի մեջ մտավ, որոշվեց գումարը խնայել. փաստարկումն էլ այն էր, թե դիակիզարանները նաեւ կրեմատորիաների դեր կկատարեն: Եթե հավատալու լինենք վերին եւ ստորին ատյաններին, 2008թ.-ից արդեն դիակիզարանը մարզում կառուցված պիտի լիներ: Սակայն մինչ օրս ոչ մեկը կա, ոչ մյուսը կառուցվեց:

Ինչո՞ւ հետաձգվեց, ի՞նչ եղան գումարները. այս եւ այլ նման հարցերի թերեւս միակ պատասախանտու կառույցը այնուամենայնիվ խուսափում է մեկնաբանել: Առողջապահության վարչության պետի համար սա փակ հարց է, քննարկման ու հրապարակման ոչ ենթակա, իսկ թափոնների իրացման մասին պետք է հիվանադանոցը մտածի:

Գյումրիի «Ցայգ» ՀԸ