Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԸՆԴԳՐԿՎԵՑԻՆ ԼԱՎԱԳՈՒՅՆ ՏԱՍՆՅԱԿՈՒՄ

Սպորտ


Ծաղկաձորում ավարտվեց լեռանդահուկային սպորտի միջազգային վարկանիշային մրցաշարը: Առաջին անգամ Հայաստանում կայացած նման մրցաշարում հայ մարզիկների 3-ին հաջողվեց մտնել լավագույն տասնյակ:


Մրցումների գլխավոր մրցավար Լյովա Հարությունյանը «Ա1+»-ին հայտնեց, որ Հայաստանի ներկայացուցիչները արդեն վարկանիշային միավորների հարուստ պաշար են ձեռք բերել. «Մեր դահուկորդներից Արսեն Ներսիսյանը գրավեց 5-րդ հորիզոնականը, իսկ Աբրահամ Սարկախյանը` 6-րդ: Դա լավ արդյունք էր եւ նրանք արդեն վարականիշային միավորներների քանակը զգալիորեն ավելացրել են»: 2010թ. ձեմռային օլիմպիական խաղերին մասնակցելու համար Հայաստանի ներկայացուցիչները դեռ պետք է մասնակցեն եւ մի քանի միջազգային մրցաշարերի. «Պարտադիր է մասնակցությունը փետրվարին Ֆրանսիայում կայանալիք աշխարհի առաջնությանը: Այստեղ Հայաստանը կունենա 3 ներկայացուցիչ: Մեր մարզիկները, եւս 4 մրցաշարի մասնակցելով, արդեն կապահովեն իրենց տեղը ձմեռային օլիմպիական խաղերում»:


Լյովա Հարությունյանը ընդգծեց, որ Ծաղկաձորի մրցաշարին մասնակցել է 17-ամյա Յուրա Մանուկյանը եւ նա բավական հեռանկարային մարզիկ է. «Պատանի այս դահուկորդը գրավեց 10-րդ հորիզոնականը: Նա դեռ ընդամենը 17 տարեկան է, եւ սա շատ լավ փորձ էր նրա համար: Ծաղկաձորում նա մրցեց մի շարք բարձրակարգ դահուկորդների հետ»:


Հայ դահուկորդները մինչ այս էլ մասնակցել էին միջազգային մի շարք մրցաշարերի, եւ վարկանիշային միավորներ վաստակելու գործընթացը սկսվել էր դեռեւս 2008.թ: Ծաղկաձորի մրցաշարում հանդես եկած արտասահմանցիներից առավել հաջող է հանդես եկել Զայց Լուկան, որը ներկայացնում էր Սլովենիան: 2 վարժություններում Լուկան դարձել է հաղթող: