ՀԱՅԿԱԿԱՆ ՍՓՅՈՒՌՔԸ ՈՒՆԻ ՖՈՒՏԲՈԼԱՅԻՆ ՄԵԾ ՊՈՏԵՆՑԻԱԼ
Աջակցիր «Ա1+»-ին
Ներկայումս արտասահմանում հանդես եկող 16 տարեկանից բարձր 80 հայ ֆուտբոլիստներ իրավունք ունեն հանդես գալ Հայաստանի տարբեր տարիքային հավաքականներում: Այս մասին «Ա1+»-ին հայտնեց Հայաստանի հավաքականների մենեջեր Էդգար Մանուկյանը:
Ներկայումս ՀՖՖ-ն շարունակում է արտասահմանում հայ տաղանդավոր ֆուտբոլիստներ գտնելու որոնողական աշխատանքները: Էդգար Մանուկյանը հայտնեց, որ հայազգի խաղացողները մեծ թիվ են կազմում հատկապես Ռուսաստանում եւ Ֆրանսիայում: Խաղացողների մեծ մասը պատանիներ են եւ կարող են համալրել Հայաստանի մինչեւ 17 եւ 19 տարեկանների ազգային հավաքականը: Հայտնի է, որ ներկայումս Հայաստանում բավական քիչ են 1991, 1992 եւ 1993թթ. ծնված ֆուտբոլիստները: Այս բացը լրացնելու համար ՀՖՖ-ն բանակցում է արտերկրում ելույթ ունեցող հայ պատանիների հետ: Արդեն փետրվարին ֆեդերացիան պայմանավորվածություն է ձեռք բերել, որ Հայաստան ժամանի ֆրանսիական «Լորիան» ակումբի պատանեկան թիմի խաղացող Վահագն Միլիտոսյանը:
Շուտով Երեւանի «Փյունիկը» մեկնելու է Սոչի ուսումնամարզական հավաքի: Ռուսաստանում «Փյունիկի» մարզիչները պետք է փորձարկեն Ռուսաստանում ելույթ ունեցող հայ 2 խաղացողների: Հավաքից հետո հայտնի կդառնա, թե արդյուք այս խաղացողները համապատասխանում են Հայաստանի պատանեկան հավաքականներում հանդես գալուն:
Ինչ վերաբերվում է ազգային հավաքականին, ապա ՀՖՖ-ի ուշադրության կենտրոնում է Մոսկվայի «Սպարտակում» ելույթ ունեցող Արթուր Մալոյանը: Տաղանդավոր այս հարձակվողը Հայաստանից վաղուց հրավեր է ստացել, սակայն առայժմ անորոշ է նրա հետագա ճակատագիրը Հայաստանի հավաքականում: Մալոյանին հրավիրում են նաեւ Ռուսաստանի երիտասարդական հավաքականի, ուստի նա կանգնած է երկընտրանքի առջեւ:
Իսկ ահա «Սպարտակի» երիտասարդական կազմում ելույթ ունեցող Արտակ Ալեքսանյանը կտրականապես հրաժարվել է Հայաստանի պատանեկան հավաքականի շարքը համալրելու առաջարկից: Արտակը 2008թ. մայիսին Հայաստանի մինչեւ 19 տարեկանների հավաքականի կազմում մասնակցել էր Իտալիայում կայացած միջազգային մրցաշարի, որից հետո որոշել է հրաժարվել Հայաստանից: «Սպարտակ-3»-ում ելույթ է ունենում նաեւ Սեւակ Կագրամանյանը, որը առաջիկայում եւս կփորձարկվի Հայաստանում:
Արտասահմանում հանդես եկող հայ ֆուտբոլիստների թեման բավական ծավալուն է, ուստի «Ա1+»-ը առաջիկայում կանդրադառնա հայկական սփուռքի ֆուտբոլային պոտենցիալին տարբեր հրապարակումների միջոցով: