ՈՐԱԿԱԿԱՆ ԱՌԱՎԵԼՈՒԹՅՈՒՆԸ ՉՕԳՆԵՑ ԷԼԻՆԱՅԻՆ
Աջակցիր «Ա1+»-ինՇախմատի Հայաստանի տղամարդկանց առաջնության 8-րդ տուրում ուշադրության կենտրոնում էր Տիգրան Պետրոսյան-Էլինա Դանիելյան պարտիան: Հանդիպեցին Հայաստանի տղամարդկանց եւ կանանց հավաքականների հիմնական կազմի խաղացողներ:
Հանդիպումը անցավ բավական հետաքրքիր պայքարում: Սպիտակներով հանդես եկող Պետրոսյանը որակապես զիջում էր Դանիելյանին, սակայն 40-րդ քայլին առաջնության միակ կին շախմատիստուհին ստիպված էր հանձնվել: Տիգրան Պետրոսյանը, որը խիստ անհաջող էր մեկնարկել 2009թ. առաջնությունում, վաստակեց եւս մեկ միավոր եւ աստիճանաբար հեռանում է ցածր հորիզոնականներից:
Առաջատար Տիգրան Քոթանջյանը սեւերով հանդիպեց Աշոտ Անաստասյանին: Այս մրցավեճում կողմերը բավական արագ փոխանակեցին խաղաքարեր, իսկ 29-րդ քայլում արդեն ստեղծվել էր իրավիճակ, որում պայքարը շարունակելը անիմաստ էր, եւ պարտիան ավարտվեց ոչ-ոքի: Խաղաղ ելք գրանցվեց Սամվել Տեր-Սահակյան-Զավեն Անդրեասյան մրցամարտում:
Հերթական պարտությունը կրեց Տիգրան Նալբանդյանը, որը սեւերով պարտվեց երիտասարդ շախմատիստ Արման Փաշիկյանին: Վերջինս հանդես էր գալիս սպիտակներով եւ 41-րդ քայլին ստիպեց ավագ գործընկերոջը հանձնվել: Սեւերով հաղթանակ տոնեց Լեւոն Բաբուջյանը, որը առավելության Ավետիք Գրիգորյանի նկատմամբ: 8-րդ տուրից հետո մրցաշարային աղյուսակը 6 միավորով շարունակում է գլխավորել Տիգրան Քոթանջյանը: