Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՄԵԼՔՈՆՅԱՆՆ ԷԼ ՎԵՐԱԴԱՐՁԱՎ ՀԱՅՐԵՆԻՔ

Սպորտ


Արտասահամանում հանդես եկող հայ ֆուտբոլիստները շարունակում են վերադառնալ Հայաստան: «Բանանց» ակումբի գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցը «Ա1+»-ին հայտնեց, որ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Սամվել Մելքոնյանը արդեն մարզվում է երեւանյան թիմի հետ:

Մելքոնյանը 2008թ. փետրվարին «Բանանցից» տեղափոխվեց Դոնեցկի «Մետալուրգ», սակայն հայ խաղացողին չհաջողվեց ամրապնդվել ուկրաինական ակումբի կազմում:

«Սամվել Մելքոնյանը առաջարկներ է ունեցել նաեւ ուկրիանական «Զարյայից» եւ Կրասնոդարի «Կուբանից», սակայն նա ցանկություն հայտնել կրկին հանդես գալ «Բանանցում» եւ արդեն մարզվում է մեզ հետ»,-ասաց Արմեն Գյուլբուդաղյանցը: Մարզիչը հայտնեց, որ «Բանանցը» աստիճանաբար կողմնորոշվում է ֆուտբոլիստների հարցում. «Ներկայումս ուսումնամարզական հավաք ենք անցկացնում Երեւանում, որը կավարտվի հունվարի 23-ին: Թիմում փորձաշրջան էին անցնում իսպանացի 2 ֆուտբոլիստներ` պաշտպան եւ հարձակվող: Նրանց փորձարկեցին «Փյունիկի» հետ ստուգողական խաղում: Իսպանացիները արդեն վերադարձել են հայրենիք: Հարձակվողի հետ պայմանագիր հաստատ չենք կնքի, իսկ ահա պաշտպանին հնարավոր է հրավիրենք մասնակցելու եւս մեկ հավաքի»:

Առայժմ «Բանանցում» փորձաշրջան է անցնում նաեւ ուկրաինական «Վորսկլայից» հրավիրված դարպասապահ Օլեգ Օստապենկոն. «Նա լավ տպավորություն է թողել` մասնակցելով «Փյունիկի» հետ ստուգողական խաղին, սակայն դեռ ցանկանում են փորձարկել նրան եւս մի քանի հանդիպումներում»:

Առաջիկայում «Բանանցում» փորձաշրջան կանցնեն եւս մի քանի արտասահմանցիներ, իսկ փետրվարի 1-ից թիմը նախատեսում է հավաք անցկացնել արտասահմանում:

«Ցանկանում ենք ձեւավորել թիմի հիմնական կորիզի 90 տոկոսը եւ նոր միայն մեկնել արտասահման ուսումնամարզական հավաքի: Նախկինում եղել են դեպքեր, երբ նախապատրաստական հավաքին թիմը մասնակցել է մի կազմով, իսկ առաջնությանը մասնակցել լրիվ այլ կազմով: Դա ունենում է բացասահական հետեւանքներ, եւ այժմ մենք աշխատում ենք այդ ուղղությամբ»,-եզրափակեց Արմեն Գյուլբուդաղյանցը: