ՌՈՆԱԼԴՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻՑ ԷԼ ՍՏԱՑԱՎ ՁԱՅՆ
Աջակցիր «Ա1+»-ինԱշխարհի 2008թ. լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել պորտուգալացի Կրիշտիանու Ռոնալդուն: Այս մասին հայտարարվեց երեկ ուշ երեկոյան Շվեյցարիայի Ցյուրիխ քաղաքում կայացած ՖԻՖԱ-ի գալա մրցանակաբաշխության ընթացքում:
Աշխարհի լավագույն խաղացողի քվեարկությանը մասնակցում էին ՖԻՖԱ-ի անդամ ազգային հավաքականների մարզիչները եւ ավագները:
Հայաստանի հավաքականի ավագ Սարգիս Հովսեփյանը իր քվեաթերթիկում առաջինը նշել էր հենց Ռոնալդուի անունը, ապա` Կակայի եւ Մեսիի: Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Յան Պոուլսենի օգնական Վարդան Մինասյանը եւս իր ձայնը տվել էր Կրիշտիանու Ռոնալդուին: Այսպիսով Ռոնալդուն Հայաստանից ստացել էր 10 միավոր:
Պորտուգալիայի հավաքականի եւ «Մանչեսթեր Յունայթեդի» առաջատարը ընդհանուր առմամբ ստացել էր 935 միավոր, իսկ ահա նրան հաջորդած Լիոնել Մեսին (Արգենտինա) իր ակտիվում գրանցել էր 678 միավոր: Լավագույն եռյակը 203 միավորով եզրափակել էր իսպանացի Ֆեռնանդո Տորեսը` «Եվրո-2008»-ի եզրափակիչ Իսպանիա-Գերմանիա հանդիպման միակ գոլի հեղինակը:
Ինչպես եւ սպասվում էր` գալա-մրցանակաբաշխության ժամանակ «Արդար խաղի» (Fair play) մրցանակին արժանացան Հայաստանի եւ Թուրքիայի ֆուտբոլի ֆեդերացիաները` ֆուտբոլի միջոցով խաղաղություն հաստատելու համար:
Մրցանակը ստացան ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը եւ հավաքականի ավագ Սարգիս Հովսեփյանը: ՖԻՖԱ-ի որոշման վրա մեծ ազդեցություն է ունեցել այն հանգամանքը, որ առաջին անգամ Հայաստան ժամանեց Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլը: Այցի նպատակը հենց Հայաստան-Թուրքիայի ֆուտբոլային հանդիպումն էր: