Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՏԻԳՐԱՆԸ ԿՈՐՑՐԵՑ ԹԱԳՈՒՀՈՒՆ

Սպորտ


Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանը այսօր մեկնարկեց Հայաստանի տղամարդկանց 69-րդ առաջնությունը: 2009թ. Հայաստանի չեմպիոնի կոչման համար կպայքարեն 14 շախմատիստներ:


Հայաստանի հավաքականի անդամներին առաջնությանը մասնակցում են միայն Տիգրան Լ Պետրոսյանը եւ Արտաշես Մինասյանը, որոնք համարվում են հաղթողի գլխավոր հավակնորդներ: Ելույթ կունենա նաեւ Ավետիք Գրիգորյանը, Սամվել Տեր-Սահակյանը, Զավեն Անդրիասյանը, Լեւոն Բաբուջյանը, Արթուր Չիբուխչյանը, Տիգրան Նալբանդյանը, Արա Մինասյանը, Տիգրան Քոթանջյանը, Հրանտ Մելքումյանը, Արման Փաշիկյանը, Աշոտ Անաստասյանը: Տղամարդկանց հետ կպայքարի նաեւ փորձառու շախմատիստուհի Էլինա Դանիելյանը: Վերջինս արդեն բավական բարձր վարկանիշ ունի եւ պատահական չէ, որ հայտնվել է տղամարդկանց պայքարում:


Մեկնարկային տուրում պարտություն կրեց առաջնության ֆավորիտներից մեկը` Տիգրան Պետրոսյանը: Դրեզդենյան օլիմպիադայի հերոսներից մեկը սպիտակներով զիջեց փորձառու Աշոտ Անաստասյանին: Պարտիայի ընթացքը մեծ անակնկալ էր: Պետրոսյանը արդեն 19-րդ քայլին կորցրեց թագուհին, որից հետո հանդիպումը շարունակելը անիմաստ էր, եւ հաջորդ քայլից հետո Տիգրանը հանձնվեց: Սպիտակներով պարտություն կրեց նաեւ նախորդ առաջնությունում փայլուն ելույթ ունեցած Սամվել Տեր-Սահակյանը: Պատանի շախմատիստը զիջեց Տիգրան Քոթանջյանին:


Երիտասարդ շախմատիստներ Ավետիք Գրիգորյանի եւ Հրանտ Մելքումյանի դիմակայությունում հաջողության հասավ սպիտակներով հանդես եկող Ավետիքը: Խաղաղ ելք գրանցվեց Զավեն Անդրեասյան-Արա Մինասյան պարտիայում: