ԱՐՈՆՅԱՆՆ ԱՐԱԳ ՈՒՇՔԻ ԵԿԱՎ
Աջակցիր «Ա1+»-ինՀայ գրոսմայստեր Լեւոն Արոնյանը Նանցզին քաղաքում ընթացող շախմատային մրցաշարի 7-րդ տուրում հիանալի հաղթանակ տոնեց: Արոնյանը սեւերով առավելության հասավ ուկրաինացի Վասիլի Իվանչուկի նկատմամբ:
Այսպիսով` Արոնյանը կրկին վերականգնեց դիրքերը 6-րդ տուրում Տոպալովից կրած պարտությունից հետո: Նախորդ տուրում կրած անհաջողությունը ամենեւին էլ չէր ընկճել Լեւոնին: Սեւերով մրցելով աշխարհի ուժեղագույն գրոսմայստերներից մեկի հետ` Արոնյանը 39-րդ քայլին պարտության մատնեց մրցակցին: 1-ին շրջանում եւս հայ շախմատիստը հաղթել էր Իվանչուկին, որը ընթացիկ մրցաշարում անհաջող է հանդես գալիս:
Մրցաշարային աղյուսակը գլխավորող Բու Հիանցզին եւ Վեսելին Տոպալովը այս տուրում բաժանվեցին խաղաղությամբ` հնարավորություն տալով Արոնյանին ընդհուպ մոտենալ իրենց: Այժմ Հիանցզին եւ Տոպալովը 4.5-ական միավորով են գլխավորում մրցաշարային աղյուսակը, իսկ Լեւոնը 4 միավորով եզրափակում է լավագույն եռյակը:
Սլովակիան ներկայացնող Սերգեյ Մովսիսյանը այսօր սպիտակներով զիջեց Պյոտր Սվիդլերին: Այս հաղթանակի շնորհիվ ռուս գրոսմայստերը հեռացավ վերջին հորիզոնականից այն թողնելով Իվանչուկին: