Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀԱՅ ՖՈՒՏԲՈԼԻՍՏՆԵՐՆ` ԱՆՈՐՈՇ ՎԻՃԱԿՈՒՄ

Սպորտ


Ֆուտբոլի Հայաստանի հավաքականում հանդես եկող մի շարք լեգեոներներ այս օրերին գտնվում են Երեւանում: Առայժմ հայտնի չէ, թե հայ ֆուտբոլիստները որտեղ են հանդես գալու հաջորդ մրցաշրջանում:

Կիսապաշտպան Լեւոն Պաչաջյանը 2008թ. մրցաշրջանը անցկացրեց շվեդական ԳԱԻՍ-ում, սակայն բազմիցս հայտարարել էր, որ ցանկանում է հեռանալ Գյոթեբորգ քաղաքի թիմից: Լեւոնի ծառայություններով հետաքրքրված էր հոլանդական «Ֆեյենորդը»: Ներկայումս Պաչաջյանը գտնվում է Երեւանում: «Ա1+»-ի հետ զրույցում ֆուտբոլիստը նշեց, որ առայժմ որեւէ նորություն իր տրանսֆերի հետ կապված չկա. «Կարծում եմ տրանսֆերային շուկայում աշխուժություն կլինի միայն հունվարին: Ձմեռային տրանսֆերային պատուհանը բացվում է միայն հունվարի մեկից եւ ներկայումս շատ եվրոպական ակումբներ շարունակում են իրենց ելույթները առաջնություններում»: Ամեն դեպքում Լեւոնը դեռ 3 տարվա պայմանագիր ունի ԳԱԻՍ-ի հետ:

Իսկ ահա Արթուր Ոսկանյանի պայմանագիրը բելառուսական «Վիտեբսկի» հետ արդեն ավարտվում է: Ոսկանյանը արդեն հայտնել էր, որ չի պատրաստվում երկարաձգել պայմանագիրը բեռլառուսական թիմի հետ: Ֆուտբոլիստը հայտնեց, որ առաջիկա 2-3 օրերի ընթացքում հայտնի կդառնա, թե որտեղ է շարունակելու կարերիան. «Սպասում եմ գործակալներիս պատասխանին, որոնք թիմ են փնտրում արտասահմանում: Եթե չստացվի, ապա կքննարկեմ հայկական թիմերից եղած առաջարկները»: Ներկայումս անորոշ վիճակում է նաեւ վերջին ամիսներին բելառուսական «Տորպեդոյում» ելույթ ունեցած Կարեն Ալեքսանյանը: Վերջինս ազատ խաղացողի կարգավիճակ ունի եւ փորձում է նոր թիմ գտնել: Հավանական է, որ Կարենը դարձյալ հանդես գա արտասահմանում:

Ազատ խաղացողի կարգավիճակում է նաեւ հարձակվող Գալուստ Պետրոսյանը, որը այս տարի ելույթ ունեցավ բելառուսական «Սմարգոնում»: Պետրոսյանը հայտնեց, որ առայժմ որեւէ ակումբի հետ չի բանակցում:

ՄՐՑԱՆԱԿԱՅԻՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ ՉԿԱ


2009թ. հունվարին Մոսկվայում կայանալիք «Համագործացության գավաթի» խաղարկությունը մրցանակային հիմնադրամ չի ունենալու: Մրցաշարի կազմակերպիչներից Բորիս Պրոնինը հայտարարել է, որ հաղթողը պարզապես կստանա գավաթ, որի արժողությունը կազմում է 1000 ԱՄՆ դոլար:

«Համաձայն մրցաշարի կանոնակարգի մրցանակային հիմնադրամ նախատեսված չէ: Հաղթող թիմին հանձնում են մեդալներ եւ հատուկ գավաթ: Գավաթը փոխանցիկ չէ, այլ մնում է հաղթողին: Դա արվել է նրա համար, որպեսզի հաղթողը դատարկ ձեռքերով չհեռանա»,-ասել է Պրոնինը:

Հիշեցնենք, որ մրցաշարին մասնակցելու է նաեւ Երեւանի «Արարատ»-ը, որը Ռուսաստանի, Ղազախստանի եւ Ուզբեկստանի չեմպիոնների հետ միասին ընդգրկված է A խմբում: