Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՍԱՀԱԴԱՇՏՈՒՄ ՆԱԵՎ ԲԱՍԿԵՏԲՈԼ ԿԽԱՂԱՆ

Սպորտ


Մարզահամերգային համալիրում գործող սահադաշտում հնարավոր կլինի անցկացնել բազմաթիվ այլ մարզաձեւերից մրցումներ: Ունիվերսալ այս կառույցի սահադաշտը ընդամենը 8-9 ժամում կարող է վերածվել, օրինակ, բասկետբոլի խաղահրապարակի: Այս մասին «Ա1+»-ին հայտնեց Կարեն Դեմիրճյանի անվան Մարզահամերգային համալիրի կոմերցիան տնօրեն Կարեն Մաթոսյանը:

«Սահադաշտում (30X60մ ) միաժամանակ կարող է սահել 200 հոգի: Այն համապատասխանում է միջազգային բոլոր ստանդարտներին», - նշեց Մաթոսյանը:

Մարզադաշտը հիմնականում նախատեսված է ձմեռային մարզաձեւերի համար. «Նախատեսված է գեղասահքի եւ հոկեյի համար: Այստեղ կարող են անցկացվել նաեւ բազմաթիվ շոուներ: Սահադաշտը ի զորու է ընդունել ցանկացած միջոցառում, ընդհուպ մինչեւ օլիմպիական խաղերի մրցաշար: Սահադաշտը կգործի ամբողջ տարին, պարզապես պրոֆիլակտիկ աշխատանքների համար 4 ամիսը մեկ անգամ 2-3 օրով այն կդադարի գործել»:

Ինչ վերաբերվում է առաջիկայում այստեղ բացվելիք Եվգենի Պլյուշչենկոյի անունով մարզադպրոցին, ապա ըստ Կարեն Մաթոսյանի` առայժմ որոշ հարցեր բաց են. «Մի շարք հարցեր դեռ քննարկման փուլում են: Դա լուրջ բիզնես նախագիծ է, որը կներկայացնենք այն ժամանակ, երբ մարզադպրոցը կբացվի»:

Ի դեպ, դեկտեմբերի 27-28-ը Մարզահամերգային համալիրում Եվգենի Պլյուշչենկոն եւ հունգար կոմպոզիտոր Էդվին Մարտոնին կներկայացնեն «Ստրադիվարիուսի ոսկե սառույց» շոուն: 2007թ.-ից այն ցուցադրվում է ԱՊՀ եւ մերձբալթյան երկրներում: Շոուին արդեն ականատես են եղել 35 քաղաքների հանդիսականներ: