ՀՅԴ-Ն ԳՅՈՒԼԻՆ ՀԱՎԿԻԹՆԵՐՈՎ ՉԻ ԴԻՄԱՎՈՐԻ
Աջակցիր «Ա1+»-ին«Եթե մեր պետությունում կարելի է նախագահի դեմ ցույց անել, ապա նախագահի հրավիրած հյուրի դեմ էլ կարելի է ցույց անել այնքան ժամանակ, ինչքան այդ ցույցերը տեղադրվում են քաղաքավարության նորմերի մեջ»,- այսօր Հայ դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի տնօրեն Կիրո Մանոյանը մեկ անգամ եւս հայտարարեց, որ Թուրքիայի նախագահ Աբդուլլա Գյուլի այցի հետ կապված ՀՅԴ-ի նախատեսած միջոցառումները անխուսափելի են:
Նա նշեց, որ Գյուլը ամեն օր չէ Հայաստան գալիս եւ պետք չէ առիթը բաց թողնել նրան մեր տեսակետը ասելու համար. «Իր այցելությունը դեռ ոչինչ չի նշանակում, եթե չլուծվեն այն հարցերը, որոնք մեր քաղաքական ակցիաներով կբարձրացնենք եւ որոնք այսօր առկա են հայ-թուրքական հարբերություններում: Թուրքիայի նախագահը պետք է լավ իմանա, մենք ծնկի չենք գալու իր այդ մեծ «շնորհի» համար, որ իր այցով մեզ պարգեւում է: Կարծում եմ, որ մեզ կհասկանա եւ մեր նախագահը, եւ մեր ժողովուրդը եւ Թուրքիայի նախագահը»:
Մանոյանը նաեւ նշեց, որ Թուրքիան Հայաստանի հետ հարցեր ունեցել է մեր անկախացման հենց առաջին օրից. «Թուրքիայի քաղաքական մտածողության մեջ, 1920թ.-ից ի վեր Հայաստան չկա: Նրանք չեն պատկերացրել, որ իրենց կողքին երբեւէ կարող է անկախ Հայաստան լինել: Հայաստանի անկախացումից հետո նրանք սկսեցին մտածել, որ եթե անկախ Հայաստան պետք է լինի, ապա այն պետք է լինի խեղճ ու կրակ, վիզը ծուռ, Թուրքիայից կախված: Նրանց համար ամենահեշտ միջոցը Հայաստանի հետ որեւէ առնչություն չունենալն է: Մենք հավատում ենք, որ անկեծորեն պետք է սկսվեն երկու երկրների միջեւ խնդիրների քննարկումը` առանց ուժի կիրառման, առանց ուլտիմատումի եւ նախապայմանների»:
Թուրքիայի կողմից 1915թ.Հայոց ցեղասպանության ճանաչումը Մանոյանը չի համարում հայկական կողմի նախապայման եւ հիմնավորում է.«Մենք պայման չենք դնում, սակայն ինչպե՞ս կարելի հարաբերությւններ սկսել մի երկրի հետ, որը մարդկության առաջ ոճիր է գործել, իրականացրել է 1915թ. ցեղասպանությունը եւ այն չի ընդունում»:
Ինչպե՞ս կանդրադառնա Գյուլի այցը հայ-թուրքական հարաբերությունների եւ ԼՂ հիմնախնդրի վրա` հարցին պատասխանելով` Կիրո Մանոյանն ասաց. «Թուրքիայի մղումը, շահագրգռվածությունը բխում է այն գիտակցությունից, որ 1993թ ից սկսած իրենց քաղաքականությունը` Հայաստանի շրջափակում, նախապայմաններով խոսելն իրեն չարդարացրեց: Չեմ կասկածում, որ Թուրքիային պետք է զիջումներ անել: Եթե Թուրքիան հրաժարվի Հայաստանի հետ խոսել ուլտիմատումի լեզվով, ապա մյուս հարցերում կարող են փոփոխություններ լինել, իսկ եթե ոչ, ապա իմաստ չունի նրա այցը Հայաստան, անհետեւանք կլինի»:
Պարոն Մանոյանը հիմք չունի Գյուլի այցի հետ հույսեր կապելու, սակայն. «Ակնկալում եմ, որ Թուրքիայի ղեկավարության մտքում ինչ-որ բան փոխելու մտադրություն կա, այլապես Գյուլի այցը սխալ հաշվարկ է»: Իսկ ի՞նչ հաշվարկ էր Գյուլին Հայաստան հրավիրելը, հատկապես, որ ՀՅԴ-ն չի հրաժարվում իր բողոքի միջոցառումներից:
Հաշվի առնելով այն փաստը, որ Սերժ Սարգսյանը հայտարարել էր, որ Գյուլի այցի հետ կապված յուրաքանչյուր ակցիա նախ Հայաստանի եւ իր դեմ է, «Ա1+»-ն այսօր Կիրո Մանոյանից հետաքրքրվեց, թե իսկապե՞ս իրավիճակն այնպիսին էր, որ ՀՅԴ-ն չէր կարող չանտեսել Սերժ Սարգսյանի խոսքը, որի իշխանության մասն է կազմում:
«Ի՞նչ է` մենք չենք կարող Սերժին հորդորել, համոզել: Ինչո՞ւ նա մեզ պետք է կարողանա պարտադրել, իսկ մենք չենք կարող: Եթե մենք պետք է փոխենք մեր էությունը ցանկացածի հետ լավ հարաբերություններ ունենալու համար, ապա իմաստ չունեն այդ հարաբերությունները: Մենք այս կերպ ենք: Եթե կան դժգոհներ, իսկ ես չեմ կարծում, որ նախագահն այդքան դժգոհ կլինի, իրենց խնդիրն է, թե մեր նկատմամբ ինչ կեցվածք կորդեգրեն: Առաջին օրվանից, երբ նախագահը հայտարարեց, որ հրավիրելու է Գյուլին, մենք էլ ասացինք, որ ցույցեր ենք անելու»:
Ի դեպ, Մանոյանը հիշեցրեց, որ երբ մեր Վեհափառը այցելեց Թուրքիա, նրա վրա հավկիթ էլ շպրտեցին, ցույցեր էլ արեցին, սակայն վստահեցրեց, որ ՀՅԴ-ն Գյուլին հավկիթներով չի դիմավորի:
ԻՆՉՈ՞Ի Է ՓՈԽՎԵԼ ՖՈՒՏԲՈԼԻ ՖԵԴԵՐԱՑԻԱՅԻ ԳԵՐԲԸ
Գյուլին Հայաստան հրավիրելու հարցում ՀՅԴ-ի տեսակետը համընկնում է Քոչարյանի, իսկ հայ-թուրքական պատմաբաների համատեղ հանձնաժողով ստեղծելու հարցում` Լեւոն Տեր-Պետրոսյանի տեսակետի հետ, որը դեմ է դրան:
«Եթե ՀՅԴ-ն լիներ իշխանության, Գյուլին չէր հրավիրի Հայաստան, սակայն հրավիրելը, դեռ չի նշանակում քաղաքականության փոփոխություն: Դա ձեւի փոփոխություն է, իսկ պատմաբանների հանձնաժող ստեղծելը բովանդակության հարց է: Փաստորեն նախագահը (Սերժ Սարգսյանը) իր հետագա ելույթների եւ արտասահմանում տված հարցազրույցներում բավական բան հստակեցրեց: Ցեղասպանության հարցը անվիճելի է»:
Փաստն այն է, որ Սերժ Սարգսյանը իր հայտարարությամբ կասկածի տակ դրեց ցեղասպանության հարցը եւ հետո իրեն շտկեց: Կարելի՞ է ասել, որ Սերժ Սարգսյանը այդ հարցում իր սխալը շտկեց նաեւ ՀՅԴ-ի շնորհիվ. «Միայն մենք հանդես չեկանք հայտարարությամբ: Մենք արքա չենք ընտրել, քաղաքական մարդ ենք ընտրել եւ նրա հետ կարելի է խոսել: Մենք 1997թ. նույնիսկ Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ էինք խոսում` արտաքին հարաբերությունների հարցերի վերաբերյալ, երբ մեր ընկերները բանտերում էին»: Իսկ այսօր ինչո՞ւ չի ստացվում ընդդիմության եւ իշխանության երկխոսությունը «Ա1+»-ի հարցին` ՀՅԴ-ն ներկայացուցիչը ընդգծեց.«Հիմա մենք չենք իշխանություն»:
Ի դեպ, Գյուլի այցի հետ կապված Կիրո Մանոյանին մտահոգում է այն փաստը, որ Հյաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի խորհրդանիշը փոխվել է եւ վրայից անհետացել է Մասիսը. «Նախ որքանո՞վ է օրինական գերբի փոփոխությունը, իսկ եթե այդ փոփոխությունը կապված է այս խաղի հետ, ապա մտահոգվելը քիչ է այս իրավիճակում»:
Իսկ Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահը ինքնուրույն կարող էր նման փոփոխություն կատարե՞լ` «Ա1+»-ի հարցին` Կիրո Մանոյանն ասաց.«Չեմ ուզում մտածել, որ դա հաշվարկված քայլ էր կամ երկրի ղեկավարին հաճոյանալու խնդիր էր»: