Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«ԵԹԵ ՄԵԴԱԼՈՎ ՎԵՐԱԴԱՌՆԱՄ...»

Սպորտ

Այսօր Պեկին է մեկնում Պարալիմպիական խաղերում Հայաստանի միակ ներկայացուցիչը` Գրետա Խնձրցյանը: 22-ամյա գյումրեցի ծանրորդուհին նախքան մեկնելը «Ա1+»-ի հետ զրույցում հայտնեց, որ Պեկին չի մեկնում պարզապես մասնակցելու համար:

«Հույս ունեմ, որ մեդալների մեկին կտիրանամ ես: Շատ լավ եմ նախապատրաստվել եւ մեծ ակնկալիքներ ունեմ առաջիկա խաղերից», - ասաց Գրետեն: Պարալիմպիական խաղերը կմեկնարկեն շաբաթ օրը` սեպտեմբերի 6-ին, Պեկինի «Թռչնի բույն» մարզադաշտում կայանալիք բացման արարողությանը, իսկ մեկ օր անց պայքարի մեջ կմտենեն մասնակիցները:

Ծանրամարտի կանանց մրցաշարում Գրետա Խնձրցյանը հանդես կգա 48 կգ քաշայինների պայքարում, որտեղ ըստ հայ մարզուհու բավական թեժ պայքար է ընթանալու մեդալների համար. «16 մասնակիցներ են հանդես գալու այս քաշային կարգում, որոնցից կառանձնացնեի Ուկրաինայի, Չինաստանի եւ Թայլանդի ներկայացուցիչներին: Հենց նրանք էլ կլինեն իմ հիմնական մրցակիցները»: Նախքան Պեկին մեկնելը Գրետային պետական այրերից որեւէ մեկը չի հանդիպել, դրամական որեւէ պարգեւատրում նրան չեն խոստացել. «Բայց ես վստահ եմ, որ եթե մեդալով վերադառնամ Պեկինից, ապա իմ հաջողությունը Հայաստանում արձագանք անպայման կունենա»:

Գրետան 1.5 տարի է զբաղվում ծանրամարտով, բայց արդեն իրենց շատ լավ է զգում այս մարզաձեւում. «Արդեն որոշակի փորձ եմ կուտակել, թեեւ երկար ժամանակ չէ, որ զբաղվում եմ այս մարզաձեւով: Պեկինում պետք է փորձեմ իմ լավագույն ելույթներս կրկնել եւ բարելավվել եւ այդ դեպքում հաջողություն կունենամ»: