ԸՆԴԱՄԵՆԸ ՄԵԿ ՄԱՍՆԱԿԻՑ
Աջակցիր «Ա1+»-ինՇաբաթ օրը Չինաստանի մայրաքաղաք Պեկինում մեկնարկում է 2008թ. ամառային պարալիմպիկ խաղերը: Օլիմպիական խաղերին ավանդաբար հաջորդող մարզական այս փառատոնին մասնակցում են հաշմանդամ մարզիկները:
Հայաստանի պարալիմպիկ հավաքականում այս տարի ընդգրկված է ընդամենը 1 մասնակից: Խոսքը 22 -ամյա գյումրեցի ծանրորդուհի Գրետա Խնզրցյանի մասին է, որը վաղը կուղեւորվի մրցավայր:
Հայաստանի պարալիմպիկ կոմիտեի քարտուղար Ռուզաննա Սարգսյանը «Ա1+»-ին հայտնեց, որ պարալիմպիկ խաղերին Հայաստանը մասնակցում է 4-րդ անգամ. «Առաջին անգամ հայ մարզիկները մասնակցել են 1996թ. Ատլանտայում կայացած խաղերին: Նախորդ խաղերին` «Աթենք-2004»-ին, Հայաստանը ներկայացրեցին 4 մարզիկներ: Առայժմ մեդալներ պարաօլիմպիական խաղերում չենք ունեցել»: Հայաստանի պարալիմպիական կոմիտեն գործում է «Փյունիկ» հաշմանդամների միության հովանու ներքո, իսկ պետբյուջեից տարեկան ստանում է 3 մլն դրամ, որը բավարար չէ միջազգային ասպարեզներում հաջողության հասնելու համար. «Տարեցտարի ավելի է բարդանում պարալիմպիական խաղերին մասնակցելու իրավունք նվաճելը: Մասնակից երկրները լուրջ ֆինանսներ են ծախսում այս ուղղությամբ: Դրանով է պայմանավորված, որ այս անգամ ընդամենը 1 մասնակից ունենք»:
Խոսելով մեր միակ մասնակցի մասին` Ռուզաննա Սարգսյանը ասաց. «Գրետան ուղեգիր է նվաճել 2007թ. Եվրոպայի առաջնությունում: Ներկայումս նա լավ մարզավիճակում է, եւ նրա անձնական լավագույն արդյունքը հավասար է 2006թ. աշխարհի առաջնության արծաթե մեդալակրի արդյունքին: Սակայն պարալիմպիական խաղերի արդյունքներն անկանխատեսելի են եւ կարող են շատ անակնկալներ գրանցվել»:
Ի դեպ, Ադրբեջանը առաջիկա խաղերում ներկայացված կլինի 18 հոգանոց հավաքականով: Ադրբեջանի պարալիմպիական կոմիտեի փոխնախագահ Աֆիգ Սուլեյմանովը հայտարարել է, որ առաջիկա խաղերում իրենց կարող են 12 մեդալի արժանանալ: