ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ՎՐԱՍՏԱՆԻՆ ԿԸՆԴՈՒՆԻ ՄԻՆՍԿՈՒՄ
Աջակցիր «Ա1+»-ինՖուտբոլի Ռուսաստանի եւ Վրաստանի երիտասարդական հավաքականների հանդիպումը կկայանա սեպտեմբերի 5-ին Բելառուսի մայրաքաղաք Մինսկում: Այս մասին որոշում է կայացրել ՈւԵՖԱ-ն:
«Եվրո-2009»-ի ընտրական փուլի շրջանակներում կայանալիք այս մրցավեճը պետք է կայանար Ռուսաստանի հարկի տակ` Մոսկվայում, սակայն Ռուսաստանի եւ Վրաստանի միջեւ առկա քաղաքական լարվածության պատճառով ՈւԵՖԱ-ն որոշել է հանդիպումը անցկացնել չեզոք դաշտում: Ռուսաստանի ֆուտբոլային միությունը` ՌՖՄ-ն արդեն իսկ քննադատել է ՈւԵՖԱ-ին, նշելով որ Եվրոպական ֆուտբոլի միությունը քաղաքական որոշում է կայացրել: ՈւԵՖԱ-ն իր որոշման մասին ռուսական կողմին հայտնել էր դեռեւս օգոստոսի 30-ին եւ այս ընթացքում շարունակվում էին բանակցությունները, սակայն այսօր եվրոպական ֆուտբոլը ղեկավարող մարմինը վերջնական որոշում է կայացրել:
Ռուսաստանի եւ Վրաստանի հավաքականները ընդգրկված են ընտրական 4-րդ խմբում, որի մրցաշարային աղյուսակը 6 միավորով եզրափակում են վրացիները, իսկ ռուսները 12 միավորով ընթանում են 2-րդ հորիզոնականում: 2007թ. նոյեմբերին Վրաստանը Ռուսաստանի հավաքականին հյուրընկալելիս առավելության է հասել 2:0 հաշվով, սակայն պատասխան մրցավեճում մասնագետները բացահայտ ֆավորիտ են համարում Ռուսաստանի հավաքականին, որի հաղթանակի համար բուքմեյքերները սահմանել են 1.20 գործակից: