ԿԱԴՐԱՅԻՆ ԽՆԴԻՐՆԵՐ ԹՈՒՐՔԻԱՅԻ ՀԱՎԱՔԱԿԱՆՈՒՄ
Աջակցիր «Ա1+»-ինԹուրքիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ֆաթիհ Տերիմը նախքան Երեւան ժամանելը հանդիպել է թուրք լրագրողներին եւ հայտարարել. «Մենք Հայաստան ենք գնալու ֆուտբոլ խաղալու եւ չենք ցանկանում քաղաքականացնել այս հանդիպումը: Մենք գիտակցում ենք, որ մեզ շատ ծանր հանդիպում է սպասվում, ինչպես որ դա եղավ երիտասարդական հավաքականի հետ, որը օգոստոսին խաղաց Հայաստանի երիտասարդական հավաքականի հետ»:
Տերիմը չի ցանկացել մեկնաբանել Թուրքիայի նախագահ Աբուդլա Գյուլի հնարավոր այցի մասին տեղեկությունը. «Մեր գործը ֆուտբոլ խաղալն է, իսկ քաղաքականության մասին մենք չենք մտածում, քանի որ մեզ բարդ մրցավեճ է սպասվում»: Թուրքիայի հավաքականի գլխավոր մարզիչը հայտնել է նաեւ, որ Հայաստանի հետ մրցավեճին իր սաներից ոմանք հնարավոր է դուրս չգան խաղադաշտ. «Մենք ամեն ինչ անում ենք, որ Հայաստանի հետ հանդիպմանը հասցնեն վերականգնվել Մեհմեդ Աուրիելիոն եւ Էմրե Բելիզօղլուն»:
Իսկ մինչ այս վնասվածքներ ունեին նաեւ Նիհաթ Կահվեչին եւ Համիտ Ալտինտոպը: Բոլոր այս ֆուտբոլիստներն էլ համարվում են Թուրքիայի հավաքականի առանցքային խաղացողներ:
Խոսելով Հայաստանի հավաքականի մասին` Տերիմը ընդգծել է «Եվրո-2008»-ի ընտրական փուլում հայ ֆուտբոլիստների ունեցած ելույթները. «Հայաստանը Երեւանում 1:0 հաշվով հաղթել է Լեհաստանին, ապա շատ լավ հանդիպում անցկացրել Պորտուգալիայի հետ, որը ավարտվել է 1:1 հաշվով: «Եվրո-2008»-ի մեկնարկից առաջ էլ Հայաստանը 0:0 հաշվով է ավարտել Հունաստանի հետ հանդիպումը, որը Եվրոպայի նախկին չեմպիոնն էր»:
Հ.Գ. «Ա1+»-ը այսօր բազմաթիվ ֆուտբոլասերներից զանգեր էր ստանում, որ տոմսարկղերում հնարավոր չէ ձեռք բերել «Հրազդան» մարզադաշտում սեպտեմբերի 6-ին կայանալիք Հայաստան-Թուրքիա հանդիպման յարուսի կենտրոնական տրիբունաների տոմսեր: Ֆուտբոլասերների վստահեցմամբ կարելի էր գնել միայն յարուսի անկյունային տրիբունաների տոմսեր: ՀՖՖ մամուլի քարտուղարությունում «Ա1+»-ին հայտնեցին, որ այսօրվանից արդեն վաճառքի են հանվել նաեւ այդ տրիբունաների տոմսերը, որոնք արժեն 3000 հազար դրամ: Բացի այդ վաճառքի են հանվել տոմսերի նոր խմբաքանակներ:
Արդեն տեղեկացրել էինք, որ որոշ տոմսարկղերում հնարավոր չէր ձեռք բերել 7000-10000 դրամանոց տոմսեր, որոնք հնարավորություն էին տալիս հանդիպմանը հետեւել արեւմտյան տրիբունայից: Սակայն վաճառքի մեջ են հայտնվել նաեւ այս արժողությամբ տոմսերի նոր խմբաքանակը: Ներկա դրությամբ Հայաստան-Թուրքիա հանդիպման մոտ 12 հազար տոմս է սպառվել, մինչդեռ «Հրազդան» մարզադաշտը ունի 53 հազարից ավել նստատեղ:
Բացի այդ արդեն տոմսերը վաճառվում են ոչ միայն «Հանրապետական» մարզադաշտի եւ Աբովյան փողոցի վրա գտնվող տոմսարկղերում, այլեւ մի շարք խանութներում եւ սրճարաններում: Տոմսարկղերի աշխատակիցների հավաստմամբ երկուշաբթի օրվանից ֆուտբոլասերներն ավելի մեծ ակտիվությամբ են սկսել գնել տոմսերը: