Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԹՈՒՐՔԵՐԸ ՀՐԱԺԱՐՎԵԼ ԵՆ ԳԱԼ ՀԱՅԱՍՏԱՆ

Սպորտ

Թուրքիայի ֆուտբոլի ֆեդերացիան պաշտոնապես հրաժարվել է սեպտեմբերի 6-ին կայանալիք 2010թ. աշխարհի առաջնության ընտրական Հայաստան-Թուրքիա խաղի իր հասանելիք տոմսերից: Այս մասին այսօր հրավիրված մամուլի ասուլիսում հայտարարեց ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը:

«Ըստ ՖԻՖԱ-ի կանոնադրություն հյուրընկալող կողմը պարտավոր է տոմսերի 5 տոկոսը տրամադրվել հյուրընկալվող կողմին, բայց Թուրքիայի ֆուտբոլի ֆեդերացիան պաշտոնապես հրաժարվել է` նշելով, որ իրենց երկրպագուները չեն ժամանելու: Նրանք ժամանելու են 130 հոգանոց պատվիրակությամբ», - ասաց ՀՖՖ նախագահը:

Հայաստան-Թուրքիա հանդիպմանը Հայաստանի ազգային հավաքականը առաջին անգամ հանդես կգա նոր խորհրդանշով, որի շնորհանդես պաշտոնապես կայացավ ասուլիսի սկզբում: ՀՖՖ-ի նոր խոհրդանշանի փոփոխությունը Ռուբեն Հայրապետյանը բացատրեց ֆուտբոլային հասարակության պահանջով. «Նախկին խորհրդանիշը շատ ֆուտբոլասերների դուր չէր գալիս: Իսկ ինչ վերաբերվում է, որ նախկին խորհրդանիշը իր մեջ պարունակում էր Մասիս սարը, ապա այս կապացությամբ, որեւէ բողոք չի եղել եւ որեւէ մեկը մեզ չէր կարող արգելել: Պարզապես բազմիցս բողոքներ են հնչել, որ լավ չի, պետք է փոխել եւ մենք նպատակահարմար գտանք փոխել»:

Ռուբեն Հայրապետյանը բացառեց, որ Հայաստան եւ Թուրքիայի հավաքականները կարող են պայմանավորված հանդիպում անցկացնել, ելնելով 2 երկրների միջեւ առկա քաղաքական հարաբերություններից. «Դա բացառվում է: Ինչպես կարող է իրենց հարգող երկիրը երբեւիցէ նման խաղի մեջ մտնել»:

Խոսելով հավաքականի խաղացողների մարզավիճակի մասին` ՀՖՖ նախագահը ընգծեց, որ հավաքականի թեկնածուները լավ վիճակում են ժամանել ազգային թիմի ճամբար. «Երեկ հավաքականը ոչ լրիվ կազմով թեթեւ մարզումներ է իրականացրել: 4 հոգի դեռ չէին ժամանել, սակայն դրանք էլ արդեն եկել են եւ այսօրվա մարզումներին կմասնացեն: Ես խոսել եմ մարզչի հետ, եւ նա բոլոր ներկա թեկնածուներից գոհ էր: Ուրախալի է, որ որեւէ վնասվածք չունեն: Երեկ ես նաեւ ժողով եմ արել: Բոլոր ֆուտբոլիստները մարտականորեն են տրամադրված եւ որեւէ խնդիր չպետք է լինի, որ այս խաղում մենք հաջողություն ունենք»:

Այդ ժողովի ընթացքում Ռուբեն Հայրապետյանը հավաքականի առջեւ խնդիր է դրել հաղթել առաջիկա մրցավեճում. «Հավաքականի առջեւ խնդիր է դրված նաեւ իրավունք ստանալ մասնակցելու 2010թ. աշխարհի առաջնության եզրափակիչ փուլին: 6 տարի է` ես ֆեդերացիայի նախագահն եմ եւ երբեք խնդիր չեմ դրել ոչ-ոքիով ավարտել հանդիպումը: Ես մաքսիմալիստ եմ եւ միշտ խնդիր եմ դրել հաղթել»:

Ռուբեն Հայրապետյանը կոչ արեց ֆուտբոլասերներին մարզադաշտ գալիս հանդիպման մեկնարկից 30-40 րոպե առաջ. «Երբ լինում են կուտակումներ ֆիզիկապես հնարավոր չի նորմալ ապահովել նրանց մուտքը մարզադաշտ»: