Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀԱՅԱՍՏԱՆ-ԹՈՒՐՔԻԱ. ՀԵՏԱՔՐՔՐՈՒԹՅՈՒՆԸ ՄԵԾԱՆՈՒՄ Է

Սպորտ

Սեպտեմբերի 6-ին Երեւանի «Հրազդան» մարզադաշտը ամենայն հավանականությամբ լեփ-լեցուն կլինի եւ այդ օրը կայանալիք Հայաստան - Թուրքիա հանդիպմանը կհետեւեն շուրջ 55 հազար հանդիսականներ: Աշխարհի 2010թ. առաջնության ընտրական փուլի այս մրցավեճի տոմսերը սովորականից թանկ են: Սովորաբար Հայաստանի հավաքականի մասնակցությամբ երեւանյան հանդիպումներին կարելի է ներկա գտնվել 1500-5000 դրամ վճարելով, իսկ այս անգամ տոմսերը արժեն 3000-10000 դրամ: Եվրոպական չափանիշների համեմատ սա սիմվոլիկ գումար է, իսկ ահա Հայաստանում վճարունակ խավը այնքան էլ մեծ թիվ չի կազմում: Չնայած դրան տոմսերը մեծ պահանջարկ ունեն, քանի որ Թուրքիայի հավաքականը ամեն օր չի ժամանում Երեւան, իսկ Հայաստանի հավաքականը այս տարի սեփական հարկի տակ ընդամենը մեկ հանդիպում է անցկացնելու:

Տոմսարկղերում արդեն գրեթե սպառվել են 7000-10000 դրամ արժողությամբ տոմսերը: Համենայնդեպս, Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտի տոմսարկղերում 7000 դրամանոց տոմսերը սպառվել էին: Այս արժողությամբ տոմսեր գնողները հնարավորություն կունենան հանդիպմանը հետեւել արեւելյան տրիբունայից, իսկ ահա արեւմտյան տրիբունայի տոմսերը արժեն 10 հազար դրամ: 5000 դրամով կարելի է հանդիպումը դիտել հարավային եւ հյուսիսային տրիբունաներից: Այս տոմսերի մի մասը արդեն վաճառվել է, սակայն ամբողջությամբ 5000 դրամանոց տոմսերը դեռ չեն սպառվել:

Աստիճանաբար տոմսարկղերում հայտնվեցին նաեւ 3000 դրամանոց արժողությամբ տոմսեր, որոնց գոյության մասին ֆուտբոլասերները սկզբում տեղյակ չէին: Այս տոմսերը գնողները հանդիպումը կարող են դիտել յարուսից, որը վերանորոգման աշխատանքները շուտով կավարտվեն: Տոմսարկղերի աշխատակիցները նկատեցին, որ մեծ թիվ են կազմում սփուռքահայ գնորդները, որոնք Երեւան են ժամանել հատուկ այս հանդիպումը դիտելու համար:

Ըստ ՖԻՖԱ-ի կանոնակարգի հյուրընկալող կողմը պարտավոր է տոմսերի 5 տոկոսը տրամադրել հյուրերին, իսկ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան առնվազն 2500 տոմս նախատեսել է թուրք ֆուտբոլասերների համար, որոնք սակայն չեն ժամանի Երեւան: Թուրքիայում հանդիպումը դիտելու ցանկություն էին հայտնել տասնյակ հազարավոր ֆուտբոլասերներ, սակայն ավնտանգության նորմերից ելնելով թուրքական կողմը որոշել է չթույլատրել թուրք ֆուտբոլասերներին ժամանել Երեւան: Բնականաբար նաեւ հայ մարզասերները հնարավորություն չեն ունենա հաջորդ տարի մեկնել Թուրքիա, դիտելու պատասխան հանդիպումը: Վերջին տարիներին թուրք ֆուտբոլասերների մասնակցությամբ բազմաթիվ պատահարներ են գրանցվել միջազգային հանդիպումների ընթացքում, ուստի մտավախություն կար, որ ընդհարումներ կարող էին լինել նաեւ այս անգամ:

Հանդիպման նկատմամբ հետաքրքրությունը մեծ է նաեւ Եվրոպայում: Բազմաթիվ եվրոպական ԶԼՄ-ների ներկայացուցիչներ են հավատարմագրվել հանդիպումը լուսաբանելու համար: Մեծ թիվ են կազմում նաեւ թուրք լրագրողները, որոնք արդեն սկսել են ժամանել Երեւան: Շատերը ակնակալում են, որ Երեւանում հնարավորություն կունենան տեսնելու Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլին, սակայն ներկայումս որեւ է հստակ տեղակատվություն չկա, թե արդյուք հարեւան երկրի նախագահը կժամանի Երեւան: Բուքմեյքերները մի պահ նույնիսկ խաղադրույք էին սահմանել, թե արդյոք Գյուլը կժամանի Երեւան: Ժամանելու գործակիցը 1.60 էր, իսկ չժամանելունը` 2.10: