ՄԱՆՉՈՒՐԱՅԱՆԸ ԴԵՌ ՄԵԿ ԱՄԻՍ ՈՒՆԻ
Աջակցիր «Ա1+»-ինԵրեկ երկոյան փակվեց ամառային ֆուտբոլային տրանֆերային պատուհանը, որից հետո շուրջ 4 ամիս եվրոպական երկրներում հանդես եկող ֆուտբոլիստները հնարավորություն չեն ունենա փոխել ակումբը: Խոսքը վերանբերվում է նաեւ Հայաստանի հավաքականի հարձակվող Էդգար Մանուչարյանին, որը համարվում է Ամստերդամի «Այաքսի» խաղացող:
Հայ ֆուտբոլիստը այսօր ժամանել է Երեւան եւ Հայաստանի հավաքականի կազմում նախապատրաստվում է սեպտեմբերի 6-ին կայանալիք Հայաստան Թուրքիա 2010թ. աշխարհի առաջնության ընտրական մրցավեճին:
«Այլեւս հնարավորություն չունեմ տեղափոխվելու Հոլանդիայի սահմաններից դուրս որեւէ ակումբ», - «Ա1+»-ի հետ զրույցում ասաց Մանուչարյանը եւ ավելացրեց. «Սակայն Հոլանդիայում տրանսֆերային պատուհանը փակվում է 1 ամիս անց եւ հոլանդական ակումբները այս ընթացքում դեռ հնարավորություն ունեն փոխանակվել խաղացողներով»: Չի բացառվում, որ այս ընթացքում հայ հարձակվողը վարձավճարով հայտնվի որեւէ այլ հոլանդական թիմում. «Եթե այժմ չստացվի, ապա ձմռանը անպայման կհեռանամ»: Իսկ մինչ այդ Էդգար Մանուչարյանը «Այաքսի» երիտասարդական թիմի կազմում է շարունակում իր մարզումները եւ օրերս դարձել է գոլի հեղինակ:
21-ամյա հարձակվողը հույս ունի, որ առաջիկա խաղում կկարողանա օգտակար լինել Հայաստանի հավաքականին. «Թուրքիայի հետ մրցավեճը շատ կարեւոր հանդիպում է Հայաստանի հավաքականի եւ հայ ազգի համար: Սա մեկնարկային հանդիպում է, որը հաջողությամբ ավարտելու դեպքում ընտրական փուլում կկարողանանք ավելի հաջող հանդես գալ, քանի որ մեկնարկից շատ բան է կախված»: Էդգարը ընդգծեց նաեւ, որ Թուրքիայի հավաքականը հզոր մրցակից է. «Մրցակիցը բավական ուժեղ է եւ վերջին շրջանում լավ արդյունքների է հասել: Ես հարգում եմ Թուրքիային եւ ֆուտբոլում մրցակցին հարգելը շատ կարեւոր հանգամանք եմ համարում»: