Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄՆԵՐՆ ԻՐԱԿԱՆԱՑԱՆ

Սպորտ

29-րդ օլիմպիական խաղերը անցան պատմության գիրկը: Համառոտ անդրադառնանք արդյունքներին ըստ առավել հետաքրքիր մարզաձեւերի:

Ֆուտբոլ

Մրցաշարի զարդը հանդիսացավ Բրազիլիա - Արգենտինա կիսաեզրափակիչը, որում արգենտինացիները առավելության հասան 3:0 հաշվով եւ դուրս եկան եզրափակիչ, որտեղ 1:0 հաշվով պարտության մատնեցին Նիգերիայի հավաքականին եւ 2-րդ անգամ անընդմեջ նվաճեցին օլիմպիական ոսկին:

Բասկետբոլ

Ինչպես եւ սպասվում էր ԱՄՆ-ի հավաքականը հաղթանակով ավարտեց մրցաշարը: Ամերիկացիներին հաջողվել էր հավաքագրել բավական ուժեղ կազմ, որը չուներ իրեն հավասարը ընթացիկ խաղերում: ԱՄՆ-ի մասնակցությամբ հանդիպումներից միայն եզրափակիչը անցավ լարված պայքարում, որում օլիմպիական չեմպիոնները 118:107 հաշվով հաղթեցին Իսպանիային:

Վոլեյբոլ

Տղամարդկանց պայքարում կրկին հաջողության հասավ ԱՄՆ-ի հավաքականը, որը եզրափակիչում 3:1 հաշվով առավելության հասավ Բրազիլիայի նկատմամբ: Իսկ ահա կանանց պայքարում Բրազիլիայի ընտրանին որեւէ խնդիր չունեցավ, իսկ եզրափակիչում վստահորեն առավելության հասավ ԱՄՆ-ի նկատմամբ:

Բռնցքամարտ

Խաղերի մեկնարկից առաջ բացահայտ ֆավորիտ էր համարվում Ռուսաստանի հավաքականը, որը ներկայացուցիչներ ուներ բոլոր 11 քաշային կարգերում: Սակայն ռուսները ընդամենը 3 մեդալի արժանացան, որից 2-ը` ոսկե: Օլիմպիական խաղերում չեմպիոն չունեցավ Կուբան, որի ներկայացուցիչներից 4-ը կարողացան դուրս գալ եզրափակիչ, սակայն բոլորն էլ պարտություններ կրեցին: Զարմացրեց Չինաստանը, որը այս մարզաձեւում երբեք չի փայլել, բայց սեփական հարկի տակ չինացիները 2 ոսկե եւ 1 արծաթե մեդալի արժանացան:

Հանդբոլ

Հիանալի հանդես եկավ Ֆրանսիայի հավաքականը, որը անցկացրած 8 հանդիպումներից 7-ում առավելության հասավ մրցակիցների նկատմամբ: Եզրափակիչում ֆրանսիացիները 28:23 հաշվով պարտության մատնեցին Իսլանդիային: Կանանց պայքարում փայլեց Նորվեգիան, որը եզրափակիչում 34:27 հաշվով ջախջախեց Ռուսաստանին:

Ծանրամարտ

Ինչպես եւ սպասվում էր չինացիները այստեղ որքան հնարավոր է հաջող հանդես եկան` նվաճելով 8 ոսկե եւ 1 արծաթե մեդալ: Ֆավորիտների շարքին դասվող ռուսները 7 մեդալի արժանացան, սակայն օլիմպիական չեմպիոն ունենալ արժանանալ այս մարզաձեւում Ռուսաստանին չհաջողվեց: Հայաստանը 3 բրոնզե մեդալի արժանացավ` թիմային պայքարում գրավելով 15-րդ հորիզոնականը:

Թենիս

Մրցաշարի ամենամեծ անակնկալը Ռոջեր Ֆեդերերի ձախողումն էր, որը պայքարը թողեց քառորդ եզրափակիչում: Փոխարենը կրկին փայլեց Ռաֆայել Նադալը, որը արժանացավ ոսկե մեդալի: Կանանց պայքարում բոլոր մեդալները նվաճեցին Ռուսաստանի ներկայացուցիչները:

Ըմբշամարտ

Ազատ եւ հունա-հռոմեական ոճերում իրենց հավասարը չունեին Ռուսաստանի ներկայացուցիները, որոնք միանգամից 6 ոսկե մեդալների արժանացան: Հետաքրքիր է, որ ոսկե մեդալի արժանացած այս մարզիկներից ոչ մեկը ազգությամբ ռուս չէ:

Լող

ԱՄՆ-ի ներկայացուցիչները այստեղ մեծ թվով մեդալների արժանացան, իսկ Մայքլ Ֆելպսը 5 անհատական եւ 3 թիմային ոսկե մեդալի արժանացավ: Ընդհանուր առմամբ` ամերիկացները այս մարզաձեւում 12 ոսկե մեդալ նվաճեցին: