ՋԱՎԱԽՅԱՆԸ ԲԱՎԱՐԱՐՎԵՑ ԲՐՈՆԶՈՎ
Աջակցիր «Ա1+»-ին«Օլիմպիադա-2008»-ը ավարտված է Հայաստանի օլիմպիական հավաքականի համար: Հայ մարզիկները Պեկինում ընթացող խաղերում վաստակեցին միանգամից 6 բրոնզե մեդալ:
Վերջինը պայքարը թողեց 60 կգ քաշային բռնցքամարտիկ Հրաչիկ Ջավախյանը, որը,դուրս գալով կիսաեզրափակիչ, արդեն իսկ բրոնզե մեդալ էր ապահովել: Կիսաեզրափակիչում Ջավախյանի մրցակիցը 2004թ. օլիմպիական խաղերի չեմպիոն Ալեքսեյ Տիշչենկոն էր: Բուքմեյքերները մրցամարտից առաջ բացահայտ ֆավորիտ էին համարում ռուս մարզիկին, սակայն հանդիպումը սկսվեց հավասար պայքարում եւ որոշ ժամանակ Հրաչիկը ոչինչով չէր զիջում հակառակորդին: Հանդիպման ելքը վճռվեց 3-րդ ռաունդում, երբ Ջավախյանը 4:5 հաշվով զիջելիս մրցավարից հերթական զգուշացումը ստացավ, որի համար Տիշչենկոյին լրացուցիչ 2 միավոր գումարեցին: Ունենալով շոշափելի առավելություն՝ ռուս բռնցքամարտիկը մրցամարտը հասցրեց հաղթական ավարտի՝ առավելության հասնելով 10:5 հաշվով:
Տիշչենկոն դուրս եկավ եզրափակիչ, որտեղ կմրցի Կուբայի ներկայացուցիչ Յորդենիս Ուգասի հետ, որը կիսաեզրափակիչում առավելության հասավ Ֆրանսիան ներկայացնող Դաուդա Սոու նկատմամբ:
54 կգ քաշայինների պայքարում եզրափակիչում հանդես գալու իրավունք ստացավ Յանկիել Լեոնը, որը կիսաեզրափակիչում 7:2 հաշվով առավելության հասավ Բրունո Ժուլեի (Մաուրիտիուս) նկատմամբ: Եզրափակիչում կուբացին կհանդիպի Մոնղոլիան ներկայացնող Բադար - Ուգան Էնխբատի հետ, որը կիսաեզրափակիչում պարտության մատնեց ռումինացի Վյաչեսլավ Գոյանին: