ՖԱՎՈՐԻՏԸ ՋԱՎԱԽՅԱՆԻ ՄՐՑԱԿԻՑՆ Է
Աջակցիր «Ա1+»-ինՎաղը՝ օգոստոսի 21-ին, «Օլիմպիադա-2008»-ի բռնցքամարտի մրցաշարի 60 կգ քաշայինների պայքարում իր 2-րդ մրցամարտը կանցկացնի Հայաստանի ներկայացուցիչ Հրաչյա Ջավախյանը: Հայ բռնցքամարտիկը կիսաեզրափակիչում կմրցի Ռուսաստանի ներկայացուցիչ Ալեքսեյ Տիշչենկոյի հետ: Ջավախյանը Հայաստանի օլիմպիական հավաքականի վերջին ներկայացուցիչն է ընթացիկ խաղերում:
Ջավախյանի մրցակիցը, 2004թ. օլիմպիական խաղերի, 2005թ. աշխարհի առաջնության չեմպիոն է, իսկ 2007թ. ԱՄՆ-ում կայացած աշխարհի առաջնությունում արժանացել է բրոնզե մեդալի: 2006թ. ռուս բռնցքամարտիկը դարձել է նաեւ Եվրոպայի չեմպիոն: «Օլիմպիադա-2008»-ի քառորդ եզրափակիչում Տիշչենկոն 13:5 հաշվով ջախջախեց կոլումբիացի Դեռլեյ Պերեսին:
Բուքմեյքերական գրասենյակները առաջիկա մրցամարտում բացահայտ ֆավորիտ են համարվում Տիշչենկոյին, որի հաղթանակի գործակիցը 1.12 է, իսկ Ջավախյանինը՝ 5.20:
ՈւԶԲԵԿՆԵՐՆ ԷԼ ՈՍԿԻ ՈՒՆԵՑԱՆ
Ուզբեկստանի օլիմպիական հավաքականը իր առաջին ոսկե մեդալը նվաճեց «Օլիմպիադա-2008»-ում: Նման հաջողության հասավ 120կգ քաշային ազատ ոճի ըմբիշ Արթուր Թայմազովը:
Ուզբեկ ըմբիշը 120 կգ քաշայինների պայքարում դուրս էր եկել եզրափակիչում, որտեղ 4:0 հաշվով առավելության հասավ Բախտիյար Ախմեդովի (Ռուսաստան) նկատմամբ:
«Պեկին-2008»-ում արդեն 46 երկրների ներկայացուցիչների է հաջողվել նվաճել ոսկե մեդալներ: Արդեն 79 մասնակից երկրների հաջողվել է մեդալի արժանանալ ընթացիկ խաղերում:
ԲԱՎԱՐԱՐՎԵՑԻՆ ԲՐՈՆԶՈՎ
Կանանց ֆուտբոլի աշխարհի չեմպիոն Գերմանիայի հավաքականը «Օլիմպիադա-2008»-ում կարողացավ արժանանալ մեդալի: Գերմանացիները 3-րդ տեղի համար մրցամարտում 2:0 հաշվով պարտության մատնեցին ճապոնացիներին՝ արժանանալով բրոնզե մեդալների: Ոսկե մեդալների համար կպայքարեն Բրազիլիայի եւ ԱՄՆ-ի հավաքականները:
ՆՈՐՎԵԳԻԱՆ ԵՎ ՌՈՒՍԱՍՏԱՆԸ
Կանանց հանդբոլի մրցաշարի կիսաեզրափակիչում Նորվեգիայի հավաքականը 29:28 հաշվով առավելության հասավ Կորեայի նկատմամբ: «Օլիմպիադա-2008»-ում ֆավորիտներ են համարվում Նորվեգիայի եւ Ռուսաստանի հավաքականները, որոնք էլ կհանդիպեն եզրափակիչում: Ռուսները կիսաեզրափակիչում վստահ հաղթանակ տոնեցին Հունգարիայի նկատմամբ:
ՎԵՐՈՆԻԿԱՆ ԱՄԵՆԱԱՐԱԳԸ ՎԱԶԵՑ
Կանանց վազքը 200մ տարածությունում չեմպիոնի կոչումը նվաճեց Վերոնիկա Կեմբել-Բրաունը (Ջամայկա): Լատինակամերիկացի վազորդուհին այս տարածությունը հատեց 21.74 վայրկյանում: 21.93 վայրկյան արդյունքով 2-րդ հորիզոնականում էր Էլիսոն Ֆելիքսը (ԱՄՆ), իսկ Քերոն Ստյուարտ (Ճամայկա) 22.00 արդյունքով եզրափակեց լավագույն եռյակը:
Ավարտվեց նաեւ կանանց նիզակի նետման մրցաշարը, որում 71.42 մ արդյունքով չեմպիոնիչ կոչումը նվաճեց Բարբարա Շպոտակովան(Չեխիա): Վերջինս նաեւ Եվրոպայի նոր ռեկորդ սահմանեց: Ռուսաստանի ներկայացուցիչ Մարիա Աբակումովան 70.78 արդյունքով արժանացավ արծաթե մեդալի, միաժամանակ սահմանեց Ռուսաստանի նոր ռեկորդ: Բրոնզե մեդալի արժանացավ գերմանացի Քրիստինա Օբերգֆելը: