Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՌՈՒՍՆԵՐԸ ՌԻՍԿԻ ԵՆ ԴԻՄՈՒՄ

Սպորտ

Բասկետբոլի Ռուսաստանի հավաքականը ռիսկի է դիմում դուրս մնալ օլիմպիական խաղերի խմբային մրցաշարից: Ա խմբում ընդգրկված Ռուսաստանը 78:85 հաշվով պարտվեց Խորվաթիայի հավաքականին:

«Ես անհանգստացած եմ եւ հիասթափված այս արդյունքից: Խորվաթները այսօր, ի տարբերություն մեզ, լավ խաղ ցուցադրեցին: Նրանք շատ լավ պաշտպանվում էին եւ ոչինչ չէին թողնում մեզ անել», - հանդիպումից հետո ասել է Ռուսաստանի հավաքականի առաջատար Անդրեյ Կիրիլենկոն:

NBA-ում հանդես եկող հայտնի այս բասկետբոլիստը գտնում է, որ Ռուսաստանը այլեւս սխալվելու իրավունք չունի. «Մենք պարտավոր ենք հաջորդ խաղում հաղթել Լիտվային, այլապես կարող են դուրս մնալ խմբային մրցաշարից: Այսօր մեր թիմը իր հնարավորութուններից բավական ցածր հանդես եկավ: Կփորձենք չկրկնել այն սխալները, որոնք այսօր թույլ տվեցինք»:

Ա խմբում բացի Ռուսաստանի եւ Խորվաթիայի հավաքականներից ընդգրկված են նաեւ Լիտվան, Իրանը, Արգենտինան եւ Ավստրալիան: Այս թիմերի շարքում ակնհայտ ետնապահը Իրանի հավաքականն է, իսկ ահա մյուս թիմերը գրեթե հավասարազոր թիմեր են: Քառորդ եզրափակիչում հանդես գալու իրավունք կստանան խմբում առաջին 4 հորիզոնականները գրաված թիմերը:

ԱՄՆ-ն ԿՐԿԻՆ ՀԱՂԹԵՑ

Վոլեյբոլի ԱՄՆ-ի հավաքականը քառորդ եզրափակիչ դուրս գալու լուրջ հայտ ներկայացրեց՝ օլիմպիական մրցաշարի 2-րդ տուրում 3:1 (24:26,25:22,25:15,25:21) հաշվով հաղթելով Իտալիայի հավաքականին:

Պարտվելով առաջին խաղակեսում՝ ամերիկացիները չընկճվեցին եւ հաջորդ 3-ում կարողացան պարտության մատնել իտալացիներին: Ա խմբում ընդգրկված ԱՄՆ-ի հավաքականը, տոնելով 2-րդ անընդմեջ հաղթանակը, հաջորդ փուլ դուրս գալու լավ հնարավորություն ստացավ: Բ խմբում նման հնարավորություն ունեն Ռուսաստանի եւ Լեհաստանի հավաքականները, որոնք առայժմ միավոր չեն կորցրել:

ՀԱՎԱՍԱՐԸ ՉՈՒՆԵՆ

«Օլիմպիադա-2008»-ում լողի մրցաշարերը շարունակում են անցնել ամերիկացիների բացահայտ առավելությամբ: Այսօր կայացած 200 մ ազատ ոճում հաղթեց Մայքլ Ֆելպսը, որը ընթացիկ խաղում 3-րդ ոսկե մեդալն է նվաճում: Ցույց տալով 1.42,96 արդյունք՝ Ֆելպսը նաեւ նոր համաշխարհային ռեկորդ սահմանեց: Այս ոճում արծաթե մեդալի արժանացավ կորեացի Տայ Խվան Պակը, իսկ լավագույն եռյակը եզրափակեց Պիտեր Վանդերկայը (ԱՄՆ):

Մեջքի վրա 100 մ տարածությունում հաղթեց ԱՄՆ-ի մեկ այլ ներկայացուցիչ՝ Արոն Պիրսոլը, որին հաջորդեց նրա համերակրացի Մեթ Գրեյվերսը, իսկ լավագույն եռյակը եզրափակեց Ռուսաստանի ներկայացուցիչ Արկադի Վյատչանինը: Այս վարժությունում կանանց պայքարում հաղթեց Նատալի Կագլինը (ԱՄՆ), որին հաջորդեցին Կիրստի Քովենթրին (Զիմբաբվե) եւ Մարգարետ Հոլցերը (ԱՄՆ):