Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՆԱԶԱՐՅԱՆՆ ԸՆԴԴԵՄ ԷԼ ՀԱԴԻ

Սպորտ

Այսօր, հայտնի դարձան Հայաստանի ձյուդոյի հավաքականի անդամների մրցակիցների անուններն առաջիկա օլիմպիական խաղերում:

60կգ քաշային կարգում Հովհաննես Դավթյանը կմրցի կուբացի Յոսմանի Պիկերի հետ: Դավթյանն այս մրցամարտի ֆավորիտն է: Հայ մարզիկը, որը 2007թ. Եվրոպայի առաջնության փոխչեմպիոնն է, առաջին փուլի արգելքը հաղթահարելու դեպքում կմրցի Ելիե Նորբերդ (Մադագասկար) - Կիմ Կյոնգ Ջին (Հյուսային Կորեա) զույգի հաղթողի հետ:

66կգ քաշային Արմեն Նազարյանը, որը 2-րդ անգամ է մասնակցում օլիմպիական խաղերին, առաջին փուլում ուժերը կչափի Եգիպտոսի ներկայացուցիչ Ամին Էլ Հադի հետ: Նազարյանն եւս այս զույգի ֆավորիտն է: Հաջողության դեպքում Արմենը հաջորդ փուլում կհանդիպի Դանիել Գարսիա Գոնսալես (Անդորրա) – Յորդանիս Արենցիբիա (Կուբա) զույգի հաղթողի հետ: Հայաստանի ձյուդոյի հավաքականը Պեկին է մեկնել ֆեդերացիայի նախագահ Ալեքսան Ավետիսյանի գլխավորությամբ: Գլխավոր մարզիչը Գագիկ Աղամալյանն է:

ԱՆԱՅԻ ՁԵՌՔԸ ԴԵՌ ՑԱՎՈՒՄ Է

«Օլիմպիադա-2008»-ում թենիսի մրցաշարի ֆավորիտ Անա Իվանովիչի մասնակցությունը հարցականի տակ է: Սերբ թենիսիստուհին ձեռքի վնասվածք ունի, որի պատճառով կարող է դուրս մնալ առաջիկա օլիմպիական խաղերից:

«Ցավոք, ես դեռ աջ ձեռքում ցավեր եմ զգում եւ չեմ կարողանում մարզվել: Շատ եմ հիասթափված, որ չեմ կարող մրցաշարին պատրաստվել այնպես, ինչպես որ ցանկանում էի», - ասել է Իվանովիչը:

Իվանովիչի գործակալը հայտնել է, որ Անան լազերային թերապիա է անցնում. «Նույնիսկ դա չի անցկացնում ցավերը, ինչը թույլ է տալիս եզրակացնել, որ վնասվածքն ավելի լուրջ է»:

Օլիմպիական խաղերի առաջին փուլում Իվանովիչը պետք է մրցի ուկրաինացի Մարիա Կորիտցեւայի հետ:

ԼԻՆԴՍԵՅԸ ՀՐԱԺԱՐՎԵՑ

Ամերիկացի թենիսիստուհի Լինդսեյ Դեւենպորտը հրաժարվել է օլիմպիական խաղերում անհատական պայքարում հանդես գալու իրավունքից: Դեւենպորտը իր որոշումը բացատրել է աջ ծնկի վնասվածքով:

Ընթացիկ մրցաշրջանը այնքան էլ հաջող չէ Լինդսեյի համար, քանի որ նա բաց թողեց «Ռոլան Գարոսը» եւ «Ուիմբլդոնը»: «Մեծ շաղավարտի» մրցաշարերի 3-ակի հաղթողը եւ 1996թ. օլիմպիական խաղերի չեմպիոնն իր կարիերայի ընթացքում 22 մլն դոլարից ավել գումար է վաստակել:

Ամեն դեպքում Դեւենպորտն որոշել է «Օլիմպիադա-2008»-ին մասնակցել զուգախաղերում: Լիզել Հուբերի հետ նա կփորձի հաջողության հասնել զուգախաղերում, որտեղ հաղթողի գլխավոր հավակնորդ են համարվում Ուկրաինան ներկայացնող Բոնդարենկո քույրերը:

ՕԴԸ ՄԱՔՐԵԼ ԵՆ

Այսօր Չինաստանի մայրաքաղաք Պեկինում մեկնարկելիք օլիմպիական 29-րդ խաղերի նախաշեմին, օդի ախտոտվածության մակարդակը զգալիորեն բարելավվել է:

Հուլիսի 20-ից Պեկինի իշխանությունները հատուկ մեթոդներ են կիրառել մթնոլորտի ախտոտվածության մակարդակը չբարձրացնելու համար: Մեքենաների քանակը կրճատվել է մոտ 2 անգամ, կանգնեցվել են մի շարք գործարանների աշխատանքը: Ըստ կազմակերպիչները այժմ օդը Պեկինում անհամեմատ մաքուր է եւ չի կարող խոչընդոտ հանդիսանալ մարզիկների համար: