ՆԱԲԱԼԲԱՆԴՅԱՆԻ ՄՐՑԱԿԻՑԸ ՉԻՆԱՑԻ Է
Աջակցիր «Ա1+»-ինՏեղի է ունեցել «Օլիմպիադա-2008»-ի թենիսի մրցաշարի վիճակահանությունը:
Առաջին փուլում մրցաշարի ֆավորիտ Ռոջեր Ֆեդերերը (Շվեյցարիա) հանդիպելու է Ռուսաստանի ներկայացուցիչ Դմիտրի Թուրսունովի հետ: Ռաֆայել Նադալը(Իսպանիա), որը համարվում է Ֆեդերերի հիմնական մրցակիցն օլիմպիական խաղերում, առաջին փուլում կմրցի իտալացի Պոտիտո Ստարաչեի հետ: Մրցաշարի 3-րդ թենիսիստ Նովակ Ջոկովիչը կհանդպիդի ԱՄՆ-ի ներկայացուցիչ
Ռոբի Ջինեպրիի հետ: Ռուսաստանի հավաքականի առաջատար Նիկոլայ Դավիդենկոն կհանդիպի լատվիացի Էռնեստ Գուլբիսի հետ: Արգենտինայի դրոշի ներքո հանդես եկող Դավիթ Նալբանդյանը առաջին փուլում հանդիպելու է Շաուհուան Ժենգի հետ (Չինաստան): Վերջինս իր վարկանիշով բավական զիջում է Նալբանդյանին, սակայն հանդես գալով սեփական հարկի տակ կփորձի անակնկալ մատուցել: Նալբանդյանն առաջին փուլի արգելքը հաղթահարելու դեպքում հաջորդ փուլում կհանդիպի Նիկոլա Մասու Սթիվ Դարցիս զույգի հաղթողի հետ: Ի դեպ, Նիկոլա Մասուն, որը ներկայացնում է Չիլին, նախորդ օլիմպիական խաղերի հաղթողն է: Տղամարդկանց պայքարում հանդես կգան 64 թենիսիստներ, որոնք պայքարը կսկսեն 1/32 եզրափակիչից:
Կանանց պայքարում եւս հանդես կգան 64 թենիսիստուհիներ: Մրցաշարի ֆավորիտ Անա Իվանովիչը (Սերբիա) առաջին փուլում կհանդիպի ուկրաինուհի Մարիա Կորիտցեվայի հետ: Մեկ այլ ֆավորիտ Ելենա Յանկովիչի (Սերբիա) մրցակիցը կլինի Կարա Բլեյքը (Զիմբաբվե):
ՖԵԴԵՐԵՐԸ ԶԱՐՄԱՑԱԾ Է
Աշխարհի թիվ 1 թենիսիստ, շվեյցարացի Ռոջեր Ֆեդերերը, որը այս օրերին գտնվում է Պեկինում, ստիպված է եղել լքել օլիմպիական ավանը, որտեղ մարզիկները նախապատրաստվում են առաջիկա օլիմպիադայի մեկնարկին: Հայտնի թենիսիստը այժմ բնակվում է հյուրանոցում:
Ֆեդերերը հայտնել, որ իր անձի նկատմամբ ուշադրությունը բավական մեծ է ավանում. «Դա պարզապես անհավատալի է, այդքան մեծ թվով մարզիկներ խնդրում են լուսանկարվել ինձ հետ, ինքնագիր տալ: Սա նախապատրաստվելու իդեալական պայման չէ: Ես դեռ կլինեմ օլիմպիական ավանում, որպեսզի ողջունեմ շվեյցարացի մարզիկներին: Բացի այդ, ես ցանկանում եմ դիտել մյուս մարզաձեւերի մրցումները: Մասնավորապես ինձ հետաքրքրում են թեթեւ ատլետիկան եւ բասկետբոլը»:
Օգոստոսի 8-ին, իր ծննդյան օրը, Ռոջերը մասնակցելու է խաղրի բացման արարողությանը: Հանդիսավոր արարողության ժամանակ Ֆեդերերն է կրելու է Շվեյցարիայի դրոշը:
ՊՈՒՏԻՆԸ, ԲՈՒՇԸ, ԼՈՒԿԱՇԵՆԿՈՆ
Վաղը Պեկինում կայանալիք 2008թ. ամառային օլիմպիական խաղերի բացման արարողությանը ներկա կգտնվեն 95 երկրների ղեկավարներ, կառավարության անդամներ: «Թռչնի բույն» մարզադաշտում կայանալիք արարողությանը ներկա կգտնվի Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինը, ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշը, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին եւ մի շարք այլ երկրների ղեկավարներ:
Ոմանք որոշել են հրաժարվել խաղերին ներկա գտնվելու հրավերից: Մասնավորապես ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, Լեհաստանի նախագահ Լեխ Կաչինսկին, Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յուշչենկոն որոշել են չմեկնել Պեկին: