Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«ԿՈՒԿՈՒՌՈՒԶ»-ԻՆ ՓՈԽԱՐԻՆՈՂ ԴԵՌ ՉԿԱ

Հասարակություն

Նախկինում, երբ երեւում էր Երիտասարդական պալատի երկարավուն շենքը, Նոր Նորքից եւ Ավանից իջնող ուղեւորների համար պարզ էր դառնում, որ քիչ անց կլինեն մայրաքաղաքի կենտրոնում:

Արդեն 5 տարի է՝ մայրաքաղաքի խորհրդանիշներից մեկը համարվող այս շենքն այլեւս չկա՝ ապամոնտաժվել է: Ապամոնտաժված շենքի փոխարեն նախատեսված էր կառուցել նոր, հասարակական բնույթի կառույց, ավելի շուտ՝ հյուրանոցային համալիր՝ ժամանակակից լուծումներով: Այն պետք է լիներ մոտ 30 հարկանի, 5 աստղանի հյուրանոց, իսկ հարակից տարածքներում կլինեին համալիրին բնորոշ կառույցներ: Սակայն մինչ օրս ապամոնտաժված շինության տեղում ոչ մի շինարարություն չի ընթանում: Պատճառն, ըստ Երեւանի գլխավոր ճարտարապետ Սամվել Դանիելյանի՝ շենքի նախագծային լավագույն տարբերակի բացակայությունն է: «Եթե այդպիսի կարեւորագույն քաղաքաշինական կենտրոնում մենք գնացել ենք այն քայլին, որ նախկին կառույցը փոխարինվի, ապա պետք է փոխարինվի այնպիսինով, որն իր գեղագիտական եւ մնացած բոլոր չափանիշներով չզիջի նախորդին»,- «Ա1+»-ին վստահեցրեց Դանիելյանը:

Իսկ քաղաքաշինական խորհրդում մինչ օրս դեռ ոչ մի տարբերակ չի հաստատվել: Ըստ գլխավոր ճարտարապետի՝ պետք էլ չէ շտապել, քանի որ, ըստ ճարտարապետի, «սա ստեղծագործական պրոցես է եւ տվյալ կառույցի պարագայում ձգձգումն ինչ-որ տեղ արդարացված է, իսկ շտապողականությունն էլ՝ լավագույն խորհրդատուն չէ»: Առաջիկա մեկ-երկու ամիսների ընթացքում վերջնական տարբերակն արդեն վերամշակված կներկայացվի քաղաքաշինական խորհուրդ, եւ այն եւս մեկ անգամ կքննարկվի: Միայն դրանից հետո պարզ կդառնա, թե երբ կսկսվեն շինարարական աշխատանքները:

Մեր այն հարցին, թե արդյոք հնարավոր չէ՞ր պահպանել շենքն այնքան ժամանակ, մինչեւ կհաստատվեր նախագծային վերջնական տարբերակը, պարոն Դանիելյանը նշեց, որ, իհարկե, հնարավոր էր, բայց արդեն գնացել են այս ճանապարհով, ինչպես նաեւ. «Գոնե այդ տեսանկյունից ժամանակ ենք շահում, քանի որ ապամոնտաժումը բավականին երկար ու բարդ պրոցես է եւ մինչե հիմա էլ դեռ շարունակվում է»: Իսկ հնարավոր չէ՞ր արդյոք ուղղակի վերակառուցել կամ ամրապնդել շենքը եւ պահպանել: Սամվել Դանիելյանը պատասխանեց, որ կառույցը երկար տարիներ ի վեր չի շահագործվել. ո՞վ պետք է այն ամրացներ: Շենքի սեփականատեր «Ավանգարդ մոթորս» կազմակերպությունը հրաժարվել էր այդ ուղղությամբ որեւիցե ներդրում անել, քանի որ շենքը տեխնիկական առումով որոշ բարդություններ ուներ՝ կրողունակության առումով, կոնստրուկտիվ տեսանկյունից իրականացվելիք աշխատանքներ կային:

«Ինչպես նաեւ՝ ժամանակակից տեխնոլոգիաների նեդրման տեսակետից կառույցն արդեն չէր կարողանում համապատասխանել ժամանակակից պահանջներին: Նոր կառույցն արդեն պետք է լինի նախագծային լուծումով՝ եւ անվտանգ, եւ որակյալ, եւ գեղարվեստական արտահայտչամիջոցներով: Այս ամենը պետք է անթերի իրականացվի»,- վստահեցնում է նա:

Երիտասարդական պալատը դեռ այն ժամանակ կառուցվել էր ոչ ավանդական ճարտարապետության մոտիվներով ու ձեւերով: Շենքի ստորին հատվածը բերդի նման էր արված ու շարված սեւ բազալտով, բայց բուն հատվածը արդեն այն ժամանակվա ճարտարապետության բնորոշ լուծումներով էր արված: Նոր կառույցը նոր նյութերի օգտագործմամբ կհամապատասխանի նոր ճարտարապետական լեզվին:

Մոտ ապագայում արդեն, Դանիելյանի ասելով, այստեղ կտեղադրվի Երեւանի նոր խորհրդանիշներից մեկը, եւ ըստ նրա՝ պետք չէ ցավագին ընդունել, որ հին խորհրդանիշները նորով են փոխարինվում: «Մայրաքաղաքը եւս կենդանի օրգանիզմ է, նրա առանձին էլեմենտներն, ինչպես մարդու օրգանիզմի բջիջիներն, անընդհատ փոփոխության մեջ են: Այդ տեսակետից բնական զարգացման պրոցես է գնում, որի միջով անցնում են աշխարհի բոլոր քաղաքները»,- կարծում է Երեւանի գլխավոր ճարտարապետը՝ ավելացնելով, որ քանի որ մեր կենսամակարդակը բարձրանում է, ապա մայրաքաղաքը ի դեմս ապագա կառուցվելիք հյուրանոցային այս համալիրի, պետք է ունենա նաեւ կրկնակի էլիտար հյուրանոց: Նշենք, որ մայրաքաղաքում դեռեւս միայն մեկ 5 աստղանի հյուրանոց կա՝ «Գոլդեն Փելասը»: