Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԿՈՐՈՇԵՆ ՄԱՐԶԻԿԻ ՍԵՌԸ

Սպորտ

Օլիմպիական լրահոս

Պեկինում կայանալիք օլիմպիական խաղերի ընթացքում կգործի հատուկ լաբորատորիա, որը կորոշի մարզիկների սեռը:

Լաբորատորիայի փորձագետները արյան հետազոտություն կանցկացնեն, ուսումնասիրելու են սեռական հորմոնների պարունակությունը: Այս հետազոտությունը անցկացվում է կանանց մրցաշարերում տղամարդկանց մասնակցությունը կանխելու համար: Համաշխարհային սպորտի պատմության մեջ քիչ չեն դեպքերը, երբ թիմային եւ անհատական պայքարում տղամարդիկ, ձեւանալով կին, մասնակցում են թույլ սեռի ներկայացուցիչների մրցումներին:

Հայաստանի օլիմպիական հավաքականի կազմում նման հետազոտության կանցնեն միայն 2 մարզուհիներ՝ ծանրորդուհի Հռիփսիմե Խուրշուդյանը եւ վազորդուհի Անի Խաչիկյանը: Գեղեցիկ սեռի այլ ներկայացուցիչներ Հայաստանի հավաքականում չկան:

Առաջինը Լեհաստանն է

Պեկինը աստիճանաբար ընդումում է մասնակից հավաքականներին: Առաջինը Չինաստանի մայրաքաղաք է ժամանել Լեհաստանի հավաքականը: Լեհերը օլիմպիական խաղերում ունեն 268 մարզիկ, որոնք Պեկին են ժամանում տարբեր խմբերով:

Հայաստանի պատվիրակությունը եւս աստիճանաբար կմեկնի մրցավայր: Հայաստանի առաջին պատվիրակությունը Չինաստան կմեկնի հուլիսի 31-ին: Բոլոր մասնակիցները հանգրվանելու են հատուկ կառուցված օլիմպիական ավանում, իսկ պատվիրակությունների կազմերում գտնվող հյուրերը կբնակնվեն Պեկինում գործող հյուրանոցներում:

Հյուրանոցները էժանանում են

Պեկինի հյուրանոցները սկսել են ավելի մատչելի գներով ծառայություններ մատուցել` 10-20 տոկոսով իջեցնելով մինչ այժմ գործող գները: Այս կերպ հյուրանոցների սեփականատերերը ցանկանում են ավելի մեծ թվով տուրիստներ ներգրավել օլիմպիական խաղերի ընթացքում, թեեւ արդեն մեծ թվով տեղեր են պատվիրված:

Պեկինում գտնվող հյուրանոցների սեփականատերերը ցանկանում են գրավել Չինաստանի մյուս քաղաքների մարզասերներին: Աստիճանաբար հայտնի է դառնում, որ բազաթիվ տուրիստների չի հաջողվելու ստանալ Չինաստանի վիզա, ուստի նրանց ներկայությունը օլիմպիական խաղերին կասկածի տակ է: Նման իրավիճակում հյուրանոցների օգնությանը պետք է դիմեն Պեկինից դուրս բնակվող չինացիները, որոնց ֆինանսական հնարավորությունները այնքան մեծ չեն, որքան արտասահմանից սպասվող տուրիստներինը: Ի դեպ, առաջիկա խաղերին մասնակցելու իրավունքից արդեն զրկվել է Իրաքը եւ նրա օլիմպիական հավաքականը, որի կազմում 7 մարզիկներ էին: Միջազգային օլիմպիական կոմիտեն նման որոշում է կայացրել, քանի որ ավելի վաղը Իրաքի կառավարությունը ցրել էր երկրի ազգային օլիմպիական կոմիտեն եւ ստեղծել ժամանակավոր կոմիտե, ինչը ՄՕԿ-ը չի ընդունում: