ՌՈՒՍԱՍՏԱՆԻՑ ԵՎ ՉԻՆԱՍՏԱՆԻՑ ՀԵՏՈ
Աջակցիր «Ա1+»-ինԾանրամարտի միջազգային ֆեդերացիան հրապարակել է Պեկինում կայանալիք 2008թ. օլիմպիական խաղերի մասնակիցների վերջնական կազմը:
Վերջին տարիներին աշխարհի եւ Եվրոպայի առաջնություններում հաջողություն ունեցած գրեթե բոլոր մարզիկներն էլ ընդգրկված են ցուցակում, բացառությամբ բուլղարացիների, որոնք դեռեւս հունիսին որակազրկվել էին արգելված խթանիչներ օգտագործելու համար:
Հայաստանը տղամարդկանց պայքարում ներկայացնելու են 5 ծանրորդներ, որոնցից առաջինը պայքարի մեջ կմտնի 69կգ քաշային Տիգրան Մարտիրոսյանը:
Տիգրանի մրցակիցների ցանկում բացակայում է 2007թ. աշխարհի չեմպիոն Գուոժենգ Ժանգը: Չինացի այս մարզիկը որոշել է փոխել քաշային կարգը եւ հանդես է գալու 62կգ քաշայինների պայքարում:
Այս քաշային կարգում 2007թ. աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր բուլղարացի Դեմիր Դեմիրեւն էլ որակազրկման պատճառով չի մասնակցի խաղերին: Նման իրավիճակում ֆավորիտը Տիգրան Մարտիրոսյանն է, որի ցուցադրած լավագույնը արդյունքը մի քանի կգ-ով ավել է մյուս մասնակիցների արդյունքներից:
77կգ. քաշային կարգում հանդես կգան Գեւորգ Դավթյանը եւ Արա Խաչատրյանը, որոնց ավելի բարդ մրցակցություն է սպասվում, քանի որ այստեղ հանդես է գալիս օլիմպիական խաղերի նախորդ չեմպիոն Տագեր Սագիրը` Թուրքիայից: Մեդալի հավակնորդներ են համարվում նաեւ Չինաստանը ներկայացնող Լի Հոնգլին եւ ռուս Օլեգ Պերեպեչինովը:
85կգ. քաշային կարգում ելույթ կունենան Տիգրան Վ. Մարտիրոսյանը եւ Էդգար Գեւորգյանը: Այս քաշային կարգում հանդես կգան բոլոր ուժեղագույները, որոնց թվում աշխարհի ռեկորդակիր բելառուս Անդրեյ Ռիբակոն:
Կանանց պայքարում Հայաստանը պետք է ներկայացներ 63կգ քաշային Մելինե Դալուզյանը, սակայն առողջական խնդիրներ ունեցող այս մարզուհուն կփոխարինի 75կգ քաշային Հռիփսիմե Խուրշուդյանը, որը 2007թ. աշխարհի առաջնությունում զբաղեցրել է 4-րդ հորիզոնականը:
Մասնագետները եւ բուքմեյքերները կարծում են, որ բոլորից շատ մեդալներ ծանրամարտում կնվաճեն Ռուսաստանի եւ Չինաստանի հավաքականը: Այս թիմերին հաջորդում են Հայաստանը եւ Թուրքիան, թեեւ Բելառուսի հավաքականը եւս բավական ուժեղ կազմով է մեկնելու Պեկին: