ՌՈԲԵՐՏԸ` ԱՐԴԵՆ ՀԻՄՆԱԿԱՆ ԿԱԶՄՈՒՄ
Աջակցիր «Ա1+»-ինՀայաստանի հավաքականում հանդես եկող լեգեոներներից մի քանիսը հերթական հանդիպումներն են անցկացրել իրենց ակումբների կազմերում: Ուկրաինայի առաջնության 2-րդ տուրում Դոնեցկի «Մետալուրգը» սեփական հարկի տակ 1:0 հաշվով առավելության է հասել Օդեսայի «Չեռնոմորեցի» նկատմամբ: Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստ Սամվել Մելքոնյանը, թեեւ հանդիպումից մեկ օր առաջ մասնակցել էր նաեւ այս ակումբների երիտասարդական թիմերի հանդիպմանը, փոխարինման դուրս եկավ 77-րդ րոպեին: Իսկ ահա Արարատ Առաքելյանը կրկին բացակայում էր: «Մետալուրգը», տոնելով 2-րդ անընդմեջ հաղթանակը, մրցաշարային աղյուսակում ընթանում է 2-րդ հորիզոնականում:
Դանիայի առաջնության 2-րդ տուրում Ռոբերտ Արզումանյանի «Ռանդերսը» սեփական հարկի տակ 1:1 հաշվով է ավարտել «Կոպենհագենի» հետ մրցավեճը: Եթե մեկնարկային տուրում Ռոբերտը պահեստայինների նստարանին էր, ապա այս անգամ մասնակցել է ողջ հանդիպմանը եւ բավական լավ տպավորություն թողել պաշտպանությունում իր հուսալի խաղով:
Մեկնարկել է Ռումինիայի առաջնությունը, որտեղ Տիմիշոարա քաղաքի «Պոլիտեխնիկա» ակումբում հանդես են գալիս Արման եւ Արտավազդ Քարամյանները: Մեկնարկային տուրում «Պոլիտեխնիկան» հյուրընկալվել էր «Պիտեստիին»: Հանդիպումը ավարտվեց 1:1 հաշվով: Արտավազդ Քարամյանը մասնակցեց ողջ հանդիպմանը, իսկ Արմանը խաղավերջում դուրս եկավ փոխարինման:
Ավարտվեց Ռուսաստանի առաջնության առաջին շրջանը: Մերձմոսկովյան «Խիմկին», որի դարպասը պաշտապանում է Ռոման Բերեզովսկին, 15-րդ տուրում վերջապես հաղթանակ տոնեց` 2 անպատասխան գնդակ ուղարկելով Նալչիկի «Սպարտակի» դարպասը: Չնայած հաղթանակին «Խիմկին» շարունակում է եզրափակել մրցաշարային աղյուսակը: 2-րդ շրջանում «Խիմկին» հանդես կգա ավելի ուժեղ կազմով եւ ունի բոլոր հնարավորությունները վերջին հորիզոնականից վեր բարձրանալու համար: Առաջին շրջանի հաղթող դարձավ Կազանի «Ռուբինը», որը չնայած վերջին 6 հանդիպումներն էլ ավարտեց ոչ-ոքիով, սակայն առաջնության առաջին 7 տուրերում տարած նույնքան հաղթանակների շնորհիվ պահպանեց առաջին հորիզոնականը:
Մեկնարկեց Բելառուսի առաջնություն 2-րդ շրջանը: Ժոդինո քաղաքի «Տորպեդո» տեղափոխված Կարեն Ալեքսանյանը իր առաջին գնդակը խփեց Բելառուսի առաջնությունում: Սոլիգորսկի «Շախտյորի» հետ խաղում Կարեն անվրեպ իրացրեց 16-րդ րոպեին հյուրերի դարպասին նշանակված 11 մետրանոցը: Սակայն դա էլ չօգնեց «Տորպեդոյին» խուսափել պարտությունից այս խաղում եւ Ալեքսանյանի թիմը զիջեց 1:3 հաշվով: Ալեքսանդր Թադեւոսյանի եւ Արթուր Ոսկանյանի «Վիտեբսկը» նոր մարզչի` Խացկեւիչի գլխավորությամբ իր առաջին հանդիպումը անցկացրեց եւ 2:0 հաշվով առավելության հասավ «Սավիտի» նկատմամբ: