«ՄԻԿԱՆ» ՄՈՏ Է ՉԵՄՊԻՈՆՈՒԹՅԱՆԸ
Աջակցիր «Ա1+»-ինԵրեւանի «Միկայի» կիսապաշտպան Արմեն Բաբայանը ընթացիկ մրցաշրջանում հազվադեպ էր հայտնվում իր թիմի կազմում: Հայաստանի երիտասարդական հավաքականի նախկին ֆուտբոլիստը վերջապես խաղադաշտ դուրս եկավ առաջնության հետաձգված «Բանանց» - «Միկա» խաղում:
«Այս տարվա սկզբին տեղափոխվեցի «Միկա», որտեղ մասնակցեցի մի քանի մարզումների: Մարզիչը ասաց, որ անհրաժեշտ եմ թիմին, եւ պայմանագիր կնքեցին ինձ հետ, - ասաց Արմեն Բաբայանը, - մասնակցեցի ստուգողական գրեթե բոլոր հանդիպումներին, այդ թվում Աշխաբադի մրցաշարին, բայց Հայաստանի առաջնության սկսվելուն պես ինձ համար անհասկանալի պատճառներով հիմնական կազմից դուրս մնացի եւ նույնիսկ պահեստայինների նստարանում շատ անգամ տեղ չէի ունենում: Մեծ նվիրումով էի մասնակցում մարզումներին եւ ամեն ինչ անում խաղալու համար, բայց զարմանալիորեն մարզիչը ինձ չէր վստահում, եւ ես այդպես էլ չիմացա, թե որն էր պատճառը»: Մարզիչը Արկադի Անդրեասյանն էր, որը արդեն «Միկայում» չէ: Այժմ թիմը գլխավորում է Իշտվան Սեկեչը, որը մինչ այս ակումբի նախագահն էր:
Բաբայանը հույս ունի, որ նոր մարզչի գլխավորությամբ այլ կերպ կդասավորվի իր կարիերան. «Ես լավատես եմ, քանի որ ֆուտբոլային կյանքը չի կարող միշտ նույն ընթացքով ընթանալ: Յուրաքանչյուր խաղացողի կարիերայում էլ լինում են վատ ժամանակաշրջաններ` թե վնասվածքների, թե մարզիչների հետ ոչ լավ հարաբերությունների պատճառով»:
Ընթացիկ առաջնությունում «Միկան» ընթանում է երկրորդ տեղում եւ կորցրած միավորների քանակով առաջատարն է: Բաբայանը գտնում է, որ թիմը կարող է դառնալ չեմպիոն «Միանգամից հինգ թիմեր են պայքարում առաջին հորիզոնականի համար, որոնց թվում է մեր ակումբը եւ կարծում եմ չեմպիոն դառնալու հնարավորութունը ունենք: «Միկան» կարող է ավելի լավ հանդես գալ, քանի որ թիմը մեծ պոտենցիալ ունի: Շատ հանդիպումներում թիմը իրավունք չուներ պարտվելու կամ ոչ-ոքի խաղալու, բայց ֆուտբոլում ամեն ինչ էլ պատահում է: Երբ «Միկայի» կոլեկտիվ խաղը ստացվում է, ապա թիմին կանգնեցնելը շատ բարդ է»:
«Միկա»-ի կիսապաշտպանի կարծիքով «Բանանցի» հետ հետաձգված խաղում հաղթելով 1:0 հաշվով եւս մեկ քայլ կատարեց դեպի չեմպիոնական տիտղոս. «Մեր հաղթանակը տրամաբանական էր: Մինչ այս «Բանանցի» հետ անցկացրած բոլոր 3 հանդիպումներում պարտվել էինք եւ այսպես երկար չէր կարող շարունակվել: Չեմպիոնության համար պայքարում սա շատ արժեքավոր հաղթանակ էր, որը մեր հնարավորությունները էլ ավելի մեծացրեց: Սակայն դեռ առաջնության ողջ 2-րդ կեսը առջեւում է»: