ԴԱՀԿ-Ն ԶՐԿՈՒՄ Է ԿԵՆՍԱԹՈՇԱԿԻՑ
Աջակցիր «Ա1+»-ինՊատմությունը սկսվեց երկու շաբաթ առաջ, երբ ԴԱՀԿ աշխատակիցները թակեցին Գյումրիի Մինաս Ավետիսյան փողոցի 9-րդ շենքի դռները:
Պարզվում է` բնակիչները դեռ չմարած հաշիվներ ունեն. 2004թ ձմռանը տաքացել են ու չեն վճարել: Այդ տարի Գյումրիի «Տաք ձմեռ» ՓԲԸ-ն թաղամասը ջեռուցելու հանձն էր առել:
Առանց փոխադարձ պայմանագրի ընկերությունը տաքացրել էր 9-րդ շենքի բնակարանները: Բնակիչները այսօր հիշում են` կարգին չեն էլ տաքացել, օրերով ջեռուցում չի եղել, այնուամենայնիվ պիտի վճարեն: Ի դեպ, «Տաք Ձմեռ» Փակ Բաժնետիրական Ընկերությունը ներկայումս լուծարված է:
Երկու շաբաթ առաջ ԴԱՀԿ աշխատակիցները եղել են շենքում, ուսումնասիրել բնակարանները, որ պարտքի դիմաց արժեքավոր իրերը ուղղակի բռնագանձեն, բայց հիմնականում թոշակառուներով բնակեցված շենքում արժեքավոր ոչինչ չեն գտել:
Եվ ահա բնակիչներին երկրորդ անակնկալն են մատուցել, ՇՄ դատական ակտերի հարկադիր կատարման բաժնի կողմից ուղարկվել է որոշում կենսաթոշակի արգելանքի մասին:
Փաստորեն վճիռ կայացվել է առանց երկրորդ կողմի , նույնիսկ բնակիչները չգիտեն հայցվորն այս դեպքում ով է: Գումարը հանձնվելու է ԴԱՀԿ հաշվին: Ավելին, որոշման մեջ գրված է` հարկադիր կատարողի որոշման բողոքարկումը չի կասեցնում կատարողական գործողությունները:
«Համաձայն հարկադիր կատարման ծառայության ՀՀ օրենքի 57 հոդվածի բռնագանձումը տարածվում է դրամական միջոցների վրա, 50 տոկոսի չափով, մինչ պահանջի կատարումը: Օրենքը թույլ է տալիս բռնագանձումը տարածել նաեւ կենսաթոշակի վրա»,-ասում է ՇՄ ԴԱՀԿ բաժնի պետի տեղակալ, արդարադատության ավագ լեյտենանտ Գեղամ Մաթեւոսյանը:
Ըստ օրենքի` արգելանք չի դրվում միայն հաշմանդամության թոշակին, իսկ կենսաթոշակն, այս դեպքում լինելով ընտանիքի միակ եկամուտը, պիտի գանձվի:
Խնդիրը նոր չէ, արմատները բավականին խոր են, դեռ վաղամեռիկ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի օրոք հարցը վիճահարույց էր, վարչապետն էլ հրահանգել էր սառեցնել բաժանորդների բոլոր պարտքերը: «էդ հարցը երկու տարի առաջ բարձրացվել է ՀՀ նախագահի եւ վարչապետի մոտ եւ խնդիրը լուծվել է, ես զարմանում եմ, ում են տալու «Ռուսգազարդը» դա զիջել է: «Տաք ձմեռը» լուծարվել է, կատարածուները ինչո՞ւ են շահագրգռվել»,-ասում է Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանը
«Տաք ձմեռ» ՓԲԸ-ի լուծարային կառավարիչ Էդիկ Ադումյանն էլ նշում է, որ հայցադիմումները ներկայացրել է երկու տարի առաջ , իսկ ներկայիս գործընթացին մասնակից չէ: Բնակիչներն էլ հավելում են, կաթսայատները ապամոնտաժվել են, նախկին ջեռուցման մասին հիշեցնող ոչինչ չի մնացել:Իսկ պարտացուցակը մնացել է:
Կառավարություն պատրաստվում են դիմել նաեւ բնակիչները, բայց թե ԴԱՀԿ-ում նշում են, որ 2581 կատարողական վարույթներ կան՝ 30 միլիոն դրամ պահանջով, որոշ գործեր արդեն կարճվել են, համապատասխան բռնագանձումներն էլ կատարվել:
Գյումրիի «Ցայգ» ՀԸ