Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԸՆԴԴԵՄ ՌԵԿՈՐԴԱԿԻՐ ԾԱՆՐՈՐԴԻ

Սպորտ

Պեկինի օլիմպիական խաղերում, ինչպես եւ 77կգ քաշայինների պայքարում, այնպես էլ 85կգ-ում, Հայաստանի կունենա 2 ծանրորդ: Պայքարի մեջ կմտնեն Եվրոպայի չեմպիոն Տիգրան Վ. Մարտիրոսյանը եւ Էդգար Գեւորգյանը:

Սպասելիքները հատկապես մեծ են Տիգրան Մարտիրոսյանից, որը Եվրոպայի 2008թ. առաջնությունում երկամարտում ցույց տվեց 377կգ արդյունք: Սա բավական լավ ցուցանիշ է եւ համեմատության համար նշենք, որ 2007թ. աշխարհի առաջնությունում Տիգրանը ընդամենը 356կգ էր բարձրացրել եւ գրավել 10-րդ հորիզոնականը: Այժմ հայ ծանրորդը անհամեմատ լավ մարզավիճակում է եւ օլիմպիական խաղերում մրցանակային տեղ գրավելու համար պետք է փորձի կրկնել իր լավագույն ելույթը եւ մի փոքր բարելավի այն: Մարտիրոսյանի թույլ կողմը դա պոկում վարժությունն է, որտեղ նա բարձրացնում է 172կգ-ից ոչ ավելի, իսկ ահա հրում վարժությունում Տիգրանը, գլխավերեւում պահելով 205կգ, կարող է համեմատվել ներկայումս աշխարհի ուժեղագույն ծանրորդների հետ:

Այս քաշային կարգում ոսկե մեդալի գլխավոր հավակնորդը Բելառուսի ներկայացուցիչ Անդրեյ Ռիբակոն է, որը 2007թ. աշխարհի առաջնությունում աշխարհի նոր ռեկորդ սահմանեց` երկամարտում ցույց տալով 393կգ արդյունք:

Սա միանգամից 15կգ-ով ավել է Տիգրան Մարտիրոսյանի լավագույն արդյունքից: Ռիբակոն ռեկորդ սահմանեց նաեւ պոկում վարժությունում` իրեն ենթարկելով 187կգ-անոց ծանրաձողը:

26-ամյա բելառուսը իրոք տպավորիչ արդյունքներ է ցույց տվել նախորդ տարի եւ այս քաշային կարգում անժխտելի ֆավորիտն է:

Այնուհետեւ գալիս են ծանրորդների մի խումբ, այդ թվում է նաեւ Տիգրան Մարտիրոսյանը, որոնց արդյունքները իրար բավական հավասար են:

Մի քանի ուժեղ ծանրորդներ ունեն ռուսները, որոնցից Ասլամբեկ Էդիեւը աշխարհի առաջնությունում 372կգ արդյունքով գրավեց 2-րդ հորիզոնականը: Առայժմ հայտնի չէ, թե չինացիները ինչ անակնկալ են նախապատրաստել այս քաշային կարգում, թեեւ վերջին աշխարհի առաջնությունում ոչնչով աչքի չընկան:

Հայաստանի մյուս ներկայացուցիչը` Էդգար Գեւորգյանը, մինչ այս հանդես էր գալիս 94կգ քաշայինների պայքարում, սակայն Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Փաշիկ Ալավերդյանը տեղեկացրեց, որ ի վերջո մարզիչները որոշել են նրան ընդգրկել 84կգ քաշայինների պայքարում: Թե որքանով էր սա ճիշտ որոշում, ցույց կտան առաջիկա խաղերը:

Ամեն դեպքում Էդգարը, որը միակ վանաձորցի ծանրորդն է հավաքականում, վերջին տարիներին որեւէ լուրջ հաջողության չի հասել: Գեւորգյանը Եվրոպայի 2008թ. առաջնությունում 94կգ քաշայինների պայքարում պոկում վարժությունում բարձրացնելով 176կգ արժանացավ փոքր արծաթե մեդալի, իսկ ահա երկամարտի 371կգ արդյունքով գրավեց 5-րդ հորիզոնականը:

2004թ. օլիմպիական խաղերում երկամարտի 382կգ արդյունքով հաղթեց վրացի Գեորգի Ասանիձեն, որը ներկայումս զբաղվում է քաղաքականությամբ: Արծաթե մեդալի արժանացավ Անդրեյ Ռիբակոն: Տիգրան Մարտիրոսյանը 2004թ. խաղերին երկամարտի 367կգ արդյունքով գրավեց 7-րդ հորիզոնականը:

Մեր 6 ծանրորդներից հատկապես մեծ են սպասելիքները 69կգ քաշային Տիգրան Մարտիրոսյանից 77կգ քաշային Գեւորգ Դավթյանից եւ Արա Խաչատրյանից: Լուրջ փորձություն է սպասվում 84կգ քաշային Տիգրան Վ. Մարտիրոսյանին, որը եւս պետք է ձգտի մտնել լավագույն եռյակ: Վերջին տարիներին ցույց տված արդյունքները հույս են ներշնչում, որ Պեկինում առնվազն 2 մեդալ կնվաճեն հայ ծանրորդները: Այլ հարց է, թե այդ մեդալները ինչ փայլ կունենան: