«ԲԱՆԱՆՑԸ» ՓՈՐՁՈՒՄ Է ՈՒՇՔԻ ԳԱԼ
Աջակցիր «Ա1+»-ին«ԲԱՆԱՆՑԸ», նախորդ հինգշաթի ՈւԵՖԱ-ի գավաթի խաղարկության որակավորման առաջին փուլում ասվտրիական «Ռեդ Բուլից» կրելով 0:7 հաշվով պարտություն, ըստ ակումբի նախագահ Սարգիս Իսրայելյանի` «ցեխ նետեց հայկական ակումբային ֆուտբոլի Եվրագավանթերի խաղարկություններում ունեցած վաստակին»:
«Բանանցի» նախագահի կարծիքով` արդյունքը այլ կարող էր լինել, եթե թիմը հանդիպմանը ներկայանար օպտիմալ կազմով, սակայն Գերմանիայի դեսպանատունը մերժել էր մուտքի վիզա տրամադրել առանցքային ֆուտբոլիստներ Նոա Կասուլեին, Մաքսիմ Ցիգալկոյին եւ Սեմյոն Մուրադյանին, իսկ Եղիշե Մելիքյանը վնասվածք ուներ:
Գերմանիայի դեսպանատունը այդպես էլ չէր հայտնել, թե ինչ հիմնավորմամբ են մերժում ֆուտբոլիստներին, թեեւ կատարվածի մասին տեղյակ է եղել նաեւ ՈւԵՖԱ-ն եւ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան:
Ամեն դեպքում Սարգիս Իսրայելյանը գտնում է, որ թիմն իրավունք չուներ նման խոշոր հաշվով պարտվել. «17-18 տարեկան երիտասարդներ են խաղացել նման հզոր թիմի դեմ: Եթե նայենք վիճակագրությանը, ապա գնդակին տիրել ենք գրեթե հավասար, այսինքն տղաները ինչ հնարավոր է արեցին, բայց այդպիսի հզոր ակումբ մեզ դեռ չէր հանդիպել: Մենք պատրաստ չէինք նման ատլետիկ կազմվածքով ֆուտբոլիստների դեմ պայքարել»:
Այժմ «Բանանցը» փորձում է դուրս գալ այս ծանր իրավիճակից. «Առջեւում առաջնության հանդիպումներն են, որոնցում «Բանանցը» իր խոսքը կասի: Կյանքը շարունակում է, պետք է պարզապես ճիշտ եզրակացություններ անենք: Հուլիսի 23-ին մրցելու ենք «Միկայի» հետ: Եթե հաջող հանդես գանք, դա տղաներին լրացուցիչ լիցքեր կհաղորդի»:
«Բանանցը» հունիսին հրաժարվեց մի շարք փորձառու ֆուտբոլիստներից, որոնց թվում էին Արամ Հակոբյանը եւ Ռոմեո Ջենեբյանը: Սարգիս Իսրայելյանը գտնում է, որ նրանցից Արամ Հակոբյանը «հյուրախաղերի» ժամանած ֆուտբոլիստ էր. «Այդ ֆուտբոլիստներից հրաժարվելով թիմը սկսեց լավ խաղալ, որի վառ ապացույցը առաջնության վերջին տուրի հանդիպումներն էին: Ես համարում եմ, որ այժմ լավ կոլեկտիվ ունենք եւ խանգարող անձնավորություններ չկան: Բոլորը պետք է հավասար լինեն: Հնարավոր է տարբեր աշխատավարձեր ստանան, բայց բոլորն էլ պետք է նվիրված գործեն: Արամ Հակոբյանը հայտարարում է, թե չգիտի, թե ինչու իրեն հանեցին թիմից: Պատճառը այն է, որ նա չէր կատարում մարզչի հրահանգները եւ ցանկանում էր իշխել երիտասարդ ֆուտբոլիստների վրա, իսկ այդպիսի բան ես թույլ չեմ տա»: