Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«ՊԵՏՔ Է ՀԱՐԳԵԼ ՑԱՆԿԱՑԱԾ ՄՐՑԱԿՑԻ»

Սպորտ

«Ֆուտբոլում այսօր հաջողության հասնելը շատ բարդ է: Պետք է հարգել բոլոր մրցակիցներին եւ մեծ ջանքեր թափել նրանց հաղթելու համար», - «Ա1+»-ի հետ բացառիկ զրույցում ասաց Կիպրոսի չեմպիոն «Անորտոսիսի» գլխավոր մարզիչ Թեմուրի Կեցբայան, որի սաները հաջորդ շաբաթ Չեմպիոնների լիգայի շրջանակներում մրցելու են Հայաստանի չեմպիոն «Փյունիկի» հետ: Կեցբայան ժամանել է Հայաստան` «Փյունիկի» մասին առավելագույնս տեղեկություններ ստանալու համար: Նա նաեւ ներկա էր «Փյունիկ» - «Արարատ» հանդիպման 2-րդ կեսին:

Նախկինում հայտնի վրաց ֆուտբոլիստը, որը 90-ականներին հանդես է եկել նաեւ հայտնի անգլիական «Նյուքասլ» ակումբում, «Փյունիկի» մասին շատ քիչ տեղեկություն ունի, սակայն գտնվում է, որ հայկական թիմը ներկայումս ավելի լավ վիճակում է. «Կա մի շատ կարեւոր տարբերություն մեր թիմերի միջեւ: «Փյունիկը» Հայաստանի առաջնությունում արդեն 10-ից ավել հանդիպումներ է անցկացրել, խաղային պրակտիկայի խնդիր չունի, իսկ մենք միայն ընկերական խաղեր ենք ունեցել, քանի որ Կիպրոսի առաջնությունը ավարտվել է մայիսին»: Ամեն դեպքում Կեցբայան կարծում է, որ «Փյունիկը» այնքան ուժեղ չէ, որքան անցյալ տարի. «Ես գիտեմ, որ թիմի առանցքային 5-6 ֆուտբոլիստներ անցած տարի հեռացել են: Բայց պետք է հարգել ցանկացած մրցակցի»: «Անորտոսիսը» Կիպրոսի նախորդ առաջնությունում չեմպիոնի կոչումը նվաճել է առանց որեւէ պարտություն կրելու: Ընդծելով այս փաստը` Կեցբայան ասաց, որ իր գլխավորած թիմը ներկայումս շատ ուժեղ է. «Վերջին տարիներին մենք զգալիորեն բարելավել ենք: Փորձառու մի շարք ֆուտբոլիստներ ունենք մեր թիմում: Մենք անցած տարի հանդես եկանք ՈՒԵՖԱ-ի գավաթի խաղարկությունում: Անցենք եւ առաջին փուլը եւ 2-րդը: Խնդիրներ եղան միայն 3-րդ փուլում: Կփորձենք այս տարի եւս կրկնել նույնը»:

Թեմուրի Կեցբայան հայկական ֆուտբոլին ծանոթ է խորհրդային տարիներից, երբ ԽՍՀՄ առաջնությունում հանդես էր գալիս Թբիլիսի «Դինամոյի» կազմում. «Մենք մի քանի անգամ մրցել են հայ ֆուտբոլիստներ դեմ: Միշտ էլ լավ տպավորություն եմ ստացել հայ խաղացողներից, բայց վերջին տարիներին չեմ հետեւել հայկական ֆուտբոլի իրադարձություններին: Դիտել եմ վերջերս կայացած Հունաստան - Հայաստան խաղը: Շատ լավ ֆուտբոլ խաղացին Ձեր ֆուտբոլիստները: Տպավորությոնը դրական էր Հայաստանի հավաքականից»: