Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«ԱՐԱՐԱՏԸ» ԲՈՂՈՔԱՐԿՈՒՄ Է

Սպորտ

Հայաստանի առաջնության 14-րդ տուրի կենտրոնական «Փյունիկ» - «Արարատ» հանդիպման մրցավարությունը դժգոհության տեղիք է տվել հյուրերի մոտ: «Արարատի» գլխավոր մարզիչ Վարուժան Սուքիասյանը հայտարարեց, որ իրենք պատրաստվում են բողոքարկել հանդիպման մրցավարության համար. «Մրցավարը 100 տոկոսանոց 11 մետրանոց չնշանակեց մեր դարպասին: Մենք դիտեցինք հանդիպման տեսագրությունը եւ համոզվեցինք, որ 11 մետրանոց կար:

Տեսագրություն ժամանակ երեւում է, որ Նռանյանը անցնում է եւ խփում են նրա ոտքին, ուստի մենք բողոքարկում են»: Սուքիասյանի ասվածը վերաբերվում է խաղավարտին «Փյունիկի» տուգանայինում տեղի ունեցած դրվագին, երբ «Արարատի» հարձակվող Գեւորգ Նռանյանը վայր ընկավ պաշտպանների հետ պայքարում, սակայն մրցավար Կարեն Նալբանդյանը գտավ, որ ֆուտբոլիստը ձեւ է արել:

«Այսպես արդեն չի կարելի, ես որքան էլ ասում եմ չխոսեմ մրցավարությունից, չի ստացվում: Ես չեմ ասում, թե միտում կար, բայց փաստորեն մրցավարը պետք է դրվագին մոտ լինի, որ տեսնի», - ասաց Սուքիասյանը:

Խոսելով բուն խաղի մասին` փորձառու մարզիչը ասաց. «Առաջին խաղակեսը ավելի շատ տակտիկական պայքար էր, բայց որոշ դեպքերում բաց ֆուտբոլ էր ընթանում: «Փյունիկը» ավելի շատ պահեր էր ստեղծում մեր դարպասին: 2-րդ կեսում մինչ գոլ խփելը եւս «Փյունիկը» որոշակի առավելություն ուներ, սակայն դրանից հետո առավելությունը մեր կողմն էր: 100 տոկոսանոց պահ չօգտագործեց Մարկոսը, չօգտագործեց Սարգիս Մովսիսյանը»:

Հուլիսի 17-ին «Արարատը» Աբովյանում ՈւԵՖԱ-ի գավաթի խաղարկության որակավորման առաջին փուլի շրջանակներում կմրցի շվեյցարական «Բելիցոնայի» հետ: Սուքիասյանը ընդգծեց, որ իր սաներին լուրջ փորձություն է սպասվում. «ՏԵղեկություն ունենք, որ մրցակից 8 նոր ֆուտբոլիստների է հրավիրել եւ 1 մարզիչ: Անգամ «Ռոմայից» են ֆուտբոլիստ հրավիրել: Այնպես որ բարձրակարգ թիմ է, բայց մենք էլ դուրս են գալու բարձրացնելու հայկական ֆուտբոլի վարկանիշը: Հետ չենք քաշվելու եւ դուրս ենք գալու մեր ֆուտբոլը խաղանք: Մեզ մի փոքր անհանգստացնում է պահեստայինների նստարանը, որովհետեւ 5-6 ֆուտբոլիստի վրա է ողջ ծանրաբեռնվածությունը, դրա համար էլ որոշակի դշժվարություններ ունենք»: Այս բաց լրացնելու համար «Արարատը» հրավիրել էր 2 բրազիլացի ֆուտբոլիստների, որոնցից միայն մեկը կարող է օգնել թիմին առաջիկա խաղերում. «Նրանք տրանսֆերի հետ կապված խնդիր ունեին, բայց արդեն այդ խնդիրը լուծում է, եւ բրազիլացիներից մեկը առաջիկա խաղում կարող է օգնել մեզ»: