ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆԸ ԿԻՍՎԵՑ
Աջակցիր «Ա1+»-ինՖուտբոլի Հայաստանի առաջնության առաջին 2 շրջանները ավարտվեցին: 20 օրյա ընդմիջումից հետո կսկսվի առաջնության 2-րդ կեսը, որում կկայանան 3-րդ եւ 4-րդ շրջանները:
Ընթացիկ առաջնությունը մրցակցության առումով անհամեմատ սուր է եւ հետաքրքիր, քան նախորդը, սակայն մեր թիմերի խաղամակարդակը ամենեւին էլ չի բարձրացել եւ դա բնական է, քանի որ նախորդ առաջնությունում բարձրակարգ ֆուտբոլիստները ավելի շատ էին:
Մասնակից 8 թիմերից ոչ ոք աչքի չի ընկնում կայունությամբ: Եթե առաջին շրջանում «Արարատին» հաջողվեց մեկ մյուսի հետեւից հաղթանակներ տոնել եւ ամրապնդվել առաջին հորզիոնականում, ապա 2-րդ շրջանում Վարուժան Սուքիասյանի սաները կորցրեցին այդ առավելություն` 7 հանդիպումներում կրելով միանգամից 3 պարտություն: «Արարատը» խաղային անկում ապրեց, որը գլխավոր պատճառը թիմի պահեստայինների կարճ նստարանն է: Սպասվում էր, որ առաջատարը համալրում կստանա, սակայն դա այդպես էլ տեղի չունեցավ: Դիրքերը աստիճանաբար զիջեց նաեւ մյուս առաջատարը` «Միկան», որը սակայն ի տարբերություն մյուս թիմերի` 2 հանդիպում քիչ է անցկացրել, ուստի այս թիմի մասին ամբողջական կարծիք հայտնել առայժմ հնարավոր չէ: Առաջին շրջանում անհաջող հանդես եկած «Փյունիկը» եւ «Բանանցը» աստիճնաբար սկսում են միավորներ վաստակել: 2 թիմերի խաղում էլ առաջընթաց է նկատվում, որի վառ ապացույցը վերջին տուրերում տոնած հաղթանակներն են: «Փյունիկում» նաեւ մարզչական փոփոխություն կատարվեց, որը շատ արագ տվեց իր արդյունքը: Արմեն Գյուլբուդաղյանցին փոխարինեց Վարդան Մինասյանը, որի գլխավորությամբ չեմպիոնը 2 «չոր» հաշվով հաղթանակ տոնեց` ընդհուպ մոտենալով առաջատար «Արարատին»: Որքան էլ Վարդան Մինասյանը հայտարարի, թե ոչինչ չի փոխել «Փյունիկում», փաստ է, որ նրա գլխավորությամբ երիտասարդ ֆուտբոլիստներով համալրված թիմը սկսել է ավելի կազմակերպված եւ վստահ գործել: Իհարկե, դրանում իր ավանդը ունի նաեւ նախկին մարզիչը:
«Բանանցում» մարզչական փոփոխություն տեղի չունեցավ, սակայն իր կազմում մի շարք բարձրակարգ ֆուտբոլիստներ ունեցող այս ակումբը չէր կարող երկար ժամանակ մնալ ցածր հորիզոնականներում:
2-րդ շրջանում բավական հաջող հանդես եկավ նաեւ Կապանի «Գանձասարը», որը առաջին շրջանում մի պահ նույնիսկ նախավերջին հորիզոնականում էր հայտնվել: «Գանձասարը» «Արարատի», «Փյունիկի» եւ «Բանանցի» հետ հանդիպումներում միանգամից 7 միավոր վաստակեց: Մրցաշրջանի սկզբնամասում «Գանձասարի» հիմնական կազմում գերակշռում էին լեգեոներները: Աստիճանաբար գլխավոր մարզիչ Սամվել Պետրոսյանը սկսեց վստահել հայ ֆուտբոլիստներին, որոնք սպասելիքները արդարացրեցին:
«Գանձասարի» ցույց տված խիստ տարբեր արդյունքները վկայում են, որ լեգեոներներից շատերը չեն համապատասխանում նույնիսկ Հայաստանի առաջնության մակարդակին, եւ թիմում սխալ սելեկցիոն աշխատանք է կատարվել: Հաճելիորեն զարմացրեց նաեւ ետնապահ «Կիլիկիան», որը 2-րդ շրջանում հանդես է գալիս Էդուարդ Մարկարովի գլխավորությամբ: Եթե նախորդ առաջնությունում անցկացրած 28 հանդիպումներում այս թիմը 5 միավոր էր վաստակել, ապա ընթացիկ առաջնության 14 հանդիպումներում երիտասարդ այս թիմը իր ակտիվում արդեն 7 միավոր է գրանցել: Ընթացիկ առաջնությունում մարզչական փոփոխություն կատարվեց նաեւ «Ուլիսում», որտեղ Սուրեն Բարսեղյանին փոխարինեց Սեւադա Արզումանյանը: Բայց եթե «Փյունիկում» եւ «Կիլիկիայում» մարզչական փոփոխությունները տվեցին իրենց արդյունքը, ապա «Ուլիսում» այն դեռ չի արդարացվում:
Ընթացիկ առաջնության ռմբարկուների ցուցակը ինչպես եւ նախորդ տարի գլխավորում է բրազիլացի Մարկոսը, որը խփել է 10 գնդակ: Նրան 6 գնդակով հաջորդում է «Միկայի» հարձակվող Նարեկ Բեգլարյանը: Ընդհանրապես ընթացիկ առաջնությունում թիմերը արդյունավետությամբ չեն փայլում: Չեմպիոն «Փյունիկը» 13 հանդիպումներում նույնքան գնդակը է խփել` միջինը 1 խաղում` 1 գոլ: Նման ցածր արդյունավետությամբ «Փյունիկը» երբեք հանդես չէր եկել: 50 խաղում գրանցվել է դարպասի 109 գրավում, որը եւս բավական ցածր արդյունք է: