Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«ԲԱՆԱՆՑԻՆ» ԿՕԳՆԻ ՑԻԳԱԼԿՈՆ

Սպորտ

Երեւանի «Բանանցը» ՈւԵՖԱ-ի գավաթի խաղարկության մեկնարկից առաջ համալրել է բելառուս ֆուտբոլիստ Մաքսիմ Ցիգալկոն: Բելառուսի ազգային եւ երիտասարդական հավաքականի նախկին ֆուտբոլիստը հայտնի է Սոֆիայում ԲԿՄԱ-ում ունեցած ելույթներով, սակայն նախորդ մրցաշրջանում հանդես է եղել ղազախական «Կայսարում»: ՈւԵՖԱ-ի գավաթի խաղարկության որակավորման առաջին փուլում հայկական թիմի մրցակիցը Ավստրիայի Զալցբուրգ քաղաքի «Ռեդ Բուլ» ակումբն է, որի կազմում գերակշռում են լեգեոներները: Հուլիսի 17-ին «Բանանցը» կհյուրընկալվելի «Ռեդ Բուլին», իսկ 2 շաբաթ անց պատասխան հանդիպումը կկայանա Երեւանում: Առաջիկա հանդիպումներում «Բանանցի» կազմում իրենց դրսեւորելու լավ հնարավորություն են ստանում երիտասարդները, քանի որ փորձառու մի քանի ֆուտբոլիստներից ակումբը հրաժարվել է: Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Կարեն Ալեքսանյանի հետ պայմանագիրը խզվել էր դեռեւս մայիսին, որից հետո գյումրեցի ֆուտբոլիստը տեղափոխվեց Բելառուս եւ պայմանագիր կնքեց Ժոդինո քաղաքի «Տորպեդոյի» հետ: Մոտ 2 շաբաթ առաջ «Բանանցի» ղեկավարությունը գտավ, որ թիմի խաղամակարդակին չեն համապատասխանում փորձառու ֆուտբոլիստներ Ռոմեո Ջենեբյանը եւ Արամ Հակոբյանը: Թեեւ այս ֆուտբոլիստների պայմանագրի ժամկետը ավարտվում էր 2009թ., սակայն նրանք հեռացվեցին թիմից: Օրերս նման բախտի է արժանացել նաեւ «Բանանցի» ուկրաինացի պաշտպան Անդրեյ Չերեւկոն, որը չի կատարել ակումբի առջեւ ունեցած իր պարտավորությունները եւ հեռացվել է «Բանանցից»: