Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՎԵՐՋԻՆ ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐԸ ԵՎՐԱԳԱՎԱԹՆԵՐԻՑ ԱՌԱՋ

Սպորտ

Ֆուտբոլի Հայաստանի առաջնությունում վաղը կկայանան 14-րդ տուրի հանդիպումները: «Արարատի», «Բանանցի» եւ «Փյունիկի» համար սա կլինի ուժերի վերջին փորձարկումը` եվրագավաթների հանդիպումներից առաջ: Բացի այդ սա 2-րդ շրջանի վերջին տուրն է, որի ավարտից հետո թիմերը մոտ 20 օր կհանգստանան (կկայանան միայն մի քանի հետաձգված հանդիպումներ):

«Փյունիկ» - «Արարատ»

Առաջատար «Արարատը» վերջին տուրերում անհաջող է հանդես գալիս, միավորների զգալի կորուստ ունենում: Դա է պատճառը, որը «Արարատի» առավելությունը արդեն մեծ չէ մյուս թիմերի նկատմամբ: Դեռ ավելին, եթե «Միկան» հաջողության հասնի հետաձգված հանդիպումներում, ապա կարող է շրջանցել առաջատարին: «Փյունիկում» վերջերս մարզչական փոփոխություն էր տեղի ունեցել: Վարդան Մինասյանը փոխարինել էր Արմեն Գյուլբուդաղյանցին: Մինասյանի գլխավորությամբ «Փյունիկը» 2:0 հաշվով առավելության հասավ «Կիլիկիայի» նկատմամբ: Սակայն այս խաղում չեմպիոն լուրջ փորձություն է սպասվում եւ այժմ հնարավոր կլինի հստակ պատկերացում կազմել, թե ինչ տվել «Փյունիկին» մարզչական փոփոխությունը: Այս հանդիպումից հետո «Փյունիկը» կսկսի նախապատրաստվել հուլիսի 15-ին Լառնակայում «Անորտոսիսի» հետ կայանալիք Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլի հանդիպմանը: Իսկ «Արարատը» հուլիսի 17-ին Երեւանում ՈւԵՖԱ-ի գավաթի խաղարկության շրջանակներում հյուրընկալելու է շվեյցարական «Բելինցոլային»:

«Միկա» - «Բանանց»

Եւս մեկ կենտրոնական հանդիպում կկայանա «Միկա» մարզադաշտում, որտեղ կորցրած միավորների քանակով առաջատար «Միկան» կհյուրընկալի փոխչեմպիոն «Բանանցին»: Ընթացիկ առաջնությունում այս թիմերը առաջին անգամ են հանդիպելու, քանի որ առաջին շրջանի հանդիպումը հետաձգվել էր եւ պետք է կայանա հուլիսի 23-ին: «Միկայի» համար սա լավ առիթ է «Արարատի» հետ միավորների տարբերությունը կրճատելու, իսկ հետաձգված խաղում նաեւ շրջանցելու այս թիմին: Այս հանդիպումից հետո «Բանանցը» կսկսի նախապատրաստվել հուլիսի 17-ին Ավստրիայի Զալցբուրգում քաղաքում տեղի «Ռեդ Բուլ» թիմի հետ կայանալիք հանդիպմանը:

«Կիլիկիա» - «Շիրակ»

Գյումրիում կայացած առաջին շրջանի խաղում «Կիլիկիան» 2:0 հաշվով հաղթեց «Շիրակին»: Դա Էդուարդ Մարկարովի նորամուտն էր «Կիլիկիայում», որից հետո թիմը սկսեց ավելի հաջող հանդես գալ: Այժմ «Շիրակը» կփորձի ռեւանշի, առավել եւս, որ թիմը գտնվում է նախավերջին հորիզոնականում եւ վաղուց չի կարողանում հաղթանակ տանել առաջնությունում:

«Գանձասար» - «Ուլիս»

Նախորդ 3 տուրերում «Գանձասարը», հանդիպելով առաջատար 3 թիմերի հետ, 7 միավոր է վաստակել: Կապանցիները նախորդ տուրում նաեւ առաջին անգամ «Արարատին» պարտության մատնեցին նրա հարկի տակ: Սամվել Պետրոսյանի թիմը այժմ գտնվում է վերելքում եւ հանդես գալով սեփական հարկի տակ լավ հնարավորություն ունի շարունակելու հաջող ելույթների շարքը: «Ուլիսը», որը վերջապես հեռացել է նախավեջին հորիզոնականից, նախորդ տուրում պարտվեց «Միկային», սակայն թիմը հանդես եկավ ոչ մարտական կազմով, ինչն էլ ազգդեց խաղի ելքի վրա: