«ԲԱՍՏԿԵՏԲՈԼՆ ԱՌԱՋԸՆԹԱՑ ԿԱՊՐԻ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ»
Աջակցիր «Ա1+»-ինՀայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի նախագահ Հրաչյա Ռոստոմյանը հուլիսի 3-7-ը գտնվում էր Մյունխենում, որտեղ ՖԻԲԱ-Եվրոպան` Բասկետբոլի համաշխարահին ֆեդերացիայի եվրոպական կառույցը, նախագահության նիստ էր անցկացնում:
«Քննարկվեցին եվրոպական բասկետբոլին առնչվող բազմաթիվ հարցեր: Մասնավորապես լուրջ փոփոխություններ կատարվեցին ակումբային բասկետբոլում», - ասաց Հրաչյա Ռոստոմյանը, - «Մինչ այս բոլորին հայտնի ՈւԼԵԲ-ի գավաթ մրցաշարը այսուհետեւ կկոչվի Եվրոպայի գավաթ եւ կանցկացվի նոր մրցակարգով»:
Հրաչյա Ռոստոմյանը ՖԻԲԱ-ի հետ քննարկել է հայկական բաստեկտբոլի զարգացման ծրագրեր, սակայն մինչ բուն ծրագրին անդրադառնալը ներկայացրել է Հայաստանում տիրող իրավիճակը. «ՖԻԲԱ-ում քաջ տեղյակ էին, թե Հայաստանը ինչ հնարավորություններ ունի, սակայն ես եւս մեկ անգամ ընդգծեցի, թե որոնք են մեր բասկետբոլի ամենամեծ խնդիրները: Մենք հստակ խոսեցինք բոլոր խնդիրների շուրջ: Թե մենք, թե ՖԻԲԱ-ն քաջ գիտակցում է, որ հսկայական աշխատանք կա կատարելու»:
ՀԲՖ-ի նախագահի հավաստմամբ` բոլոր այն ծրագրերը, որոնք ունի ֆեդերացիան, մոտ ապագայում կյանքի կկոչվեն. «Միանգամից ասեմ, որ բոլոր այն հարցերը, որոնք մենք առաջ քաշեցինք, եվրոպական բասկետբոլի ղեկավարները ընդունեցին, եւ պատրաստակամություն հայտնեցին աջակցել, համատեղ իրականացնել մեր բոլոր ծրագրերը, որոնք վերաբերվում են բասկետբոլը Հայաստանում զարգացնելուն, մարզաձեւը ավելի մասսայականացնելուն եւ պրոֆեսիոնալ հիմքերի վրա դնելուն»:
ՖԻԲԱ-ն պատրաստ է նաեւ Հայաստանում միջազգային խոշոր մրցաշար անցկացնել. «Ես արդեն նշել էի, որ Հայաստանում ցանկանում ենք կանանց Եվրոպայի առաջնության C դիվիզիոնի մրցաշար անցկացնել, որին պետք է մասնակցեն մի շարք եվրոպական երկրների հավաքականներ: Նման իրավունք ՖԻԲԱ-ն տալիս է, երբ տեղում ծանոթանում է տվյալ քաղաքում առկա պայմաններին: Բնականաբար այս կապացությամբ որոշում կկայացնի եւ Երեւանում կգտնվեն ՖԻԲԱ-ի փորձագետները»:
Աշնանը Երեւան կժամանի ՖԻԲԱ-Եվրոպայի պատվիրակությունը` գլխավոր քարտուղար Զատուլին Նառի գլխավորությամբ. «Բարձրաստիճան պաշտոնյաները Երեւանում կժամանեն պաշտոնական այցով, որի ընթացքում ավելի հստակ կքննարկվեն այն ծրագրերը, որոնք մենք ցանկանում ենք իրականացնել: Բայց դա չի նշանակում թե մինչ այդ ոչինչ չի արվելու»:
Ամփոփելով իր այցը` Հրաչյա Ռոստոմյանը ընդգծեց, որ լիովին բավարարված է Մյունխենում ունեցած հանդիպումներից. «Բասկետբոլը թիմային մարզաձեւ է եւ այստեղ խնդիրները անհամեմատ մեծ են: Իրոք անելիքները շատ են եւ առանց ՖԻԲԱ-ի աջակցության այն խնդիրները, որ մենք ունենք, չեն կարող լուծվել: Շատ ուրախալի է, որ ՖԻԲԱ-ն նոր թափով է պատրաստ աջակցել եւ համագործակցել Հայաստանի հետ: Նախկինում եւս այս կառույցը մեծ աջակցություն է ցուցաբերել, իսկ այժմ համագործակցության նոր փուլ է սկսվում, որի ընթացքում մենք կփորձենք ավելի պրոֆեսիոնալ հիմքերի վրա դնել բասկետբոլը Հայաստանում: Պետք է փորձենք օգտագործել մեր ողջ պոտենցիալը, եւ կարծում եմ` դրա բոլոր նախադրյալները մենք ունենք»:
Հրաչյա Ռոստոմյանը նաեւ միջազգային կարգի մրցավար է եւ Մյունխենում հերթական որակավորումն է անցել. «Բասկետբոլում մրցավարները 4 տարին մեկ լիցեզենցիա ստանալու համար քննություն են հանձնում, որին ներկա են ՖԻԲԱ-ի բարձրաստիճան պաշտոնյանները: Այս անգամ եւս ինձ հաջողվեց հաջողությամբ հանձնել քննությունները եւ 4 տարվա արտոնագիր ստանալ: Արդեն հուլիսի 16-ին կմեկնեմ Սլովակիա, որտեղ վարելու եմ մինչեւ 18 տարեկան աղջիկների Եվրոպայի առաջնության Ա դիվիզիոնի հանդիպումները»: