Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԼԵՎՈՆԻ ԳՈԼԸ ՄԻԱՎՈՐ ԲԵՐԵՑ ԳԱԻՍ-ԻՆ

Սպորտ

Շվեդիայի առաջնության 13-րդ տուրում Գյոթեբորգի ԳԱԻՍ-ի կազմում գոլի հեղինակ է դարձել Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Լեւոն Պաչաջյանը:

Առաջատարներից մեկի` ԱԻԿ-ի հետ մրցավեճում Լեւոնը 37-րդ րոպեին բացել է խաղի հաշիվը, իսկ հանդիպումը ավարտվել է 2:2 հաշվով:

Պաչաջյանը այս խաղում լավագույնն է եղել իր թիմի կազմում եւ հիմնականում գործել է հարձակման գծում: Այս ոչ-ոքիից հետո ԳԱԻՍ-ը 16 միավորով եզրափակում է լավագույն տասնյակը:

Երկարատեւ ընդմիջումից հետո վերսկսվեց Ռուսաստանի առաջնությունը, որի 12-րդ տուրում մերձմոսկովյան «Խիմկին» հյուրընկալվելիս 1:1 հաշվով է ավարտել «Լուչ Էներգիայի» հետ հանդիպումը: Վնասվածքից հետո հյուրերի կազմում կրկին հանդես է եկել Հայաստանի հավաքականի հիմնական դարպասապահ Ռոման Բերեզովսկին, որը բավական հաջող հանդիպում է անցկացրել:

Ռուսաստանի առաջնության փոխարինողների մրցաշարում հերթական գոլն է խփել Մոսկվայի «Լոկոմոտիվում» հանդես եկող Հովհաննես Գոհարյանը: «Ամկարի» հետ խաղի 76-րդ րոպեին Գոհարյանը 11 մետրանոցի շնորհիվ կրկնապատկել է հաշիվը եւ երկաթուղայինները այս խաղում հաղթել են 2:0 հաշվով: Գոհարյանը 11 գնդակով գլխավորում է փոխարինողների մրցաշարի ռմբարկուների ցուցակը:

Ռուսաստանի առաջին դիվիզոնում հանդես եկող «Մաշչուկի» կազմում գոլի հեղինակ է դարձել Կարեն Սարգսյանը, որը աչքի է ընկել «ՍԿԱ Էներգիայի» հետ արտագնա խաղում, սակայն Սարգսյանի թիմը պարտվել է 2:3 հաշվով:

Հանդիպմանը մասնակցել է նաեւ Բարսեղ Կիրակոսյանը, որը ինչպես եւ Կարենը այս խաղւոմ դեղին քարտի է արժանացել: Ռոնի Ռոստովի ՍԿԱ-ի կազմում հերթական գոլն է խփել Վարդան Մազալովը, որի գոլը հաղթական էր «Բալթիկայի» հետ արտագնա խաղում: Վարդանը ընթացիկ առաջնությունում արդեն 12 գնդակ է խփել եւ ընթանում է լավագույն ռմբարկուների ցանկում: