ԱԿՈՒՄԲԱՅԻՆ ՖՈՒՏԲՈԼՈՒՄ ԿԱՂՈՒՄ ԵՆՔ
Աջակցիր «Ա1+»-ին«Ա1+»-ը այսօրվանից սկսում է հոդվածների շարք նվիրված Հայաստանի, Վրաստանի եւ Ադրբեջանի սպորտի համեմատությանը: Կփորձենք համեմատել Կովկասյան այս հանրապետությունների մարզական կյանքը տարբեր մարզաձեւերում, այնուհետեւ ընդհանուր: Քանի որ, բոլոր այս երկրներում ամենամասսայականը ֆուտբոլն է, սկսենք այս մարզաձեւից:
Ֆուտբոլ
Հավաքականների մակարդակով ներկայումս ՖԻՖԱ-ի վարկանիշային աղյուսակում ամենաբարձրը Վրաստանի զբաղեցրած դիրքն է: Մեր ընտրանին 96-րդ տեղում է, Վրաստանը` 89-րդ, իսկ Ադրբեջանը` 139-րդը: Ադրբեջանցիները իրոք զիջում են մյուս 2 հավաքականներին, թե խաղամակարդակով, թե ֆուտբոլիստների ընտրությամբ, թե ցույց տված արդյունքներով:
Դրա վառ ապացույցը «Եվրո-2008»-ի ընտրական փուլն էր, որի Ա խմբում Հայաստանը եւ Ադրբեջանը ընդգրկված էին միեւնույն խմբում: Ադրբեջանցիները 5 միավորով եզրափակեցին մրցաշարային աղյուսակը, իսկ Հայաստանը, վաստակելով 9 միավոր, զբաղեցրեց նախավերջին տեղը: 4 միավոր տարբերությունը դա խոսուն փաստ է: Վրաստանի եւ Հայաստանի հավաքականները միմյանց գրեթե հավասարազոր թիմեր են, չնայած վրաց ֆուտբոլիստները անհամեմատ բարձրակարգ թիմերում են հանդես գալիս:
Օրինակ` Հայաստանը երբեք ֆուտբոլիստ չի ունեցել «Միլանում» կամ «Շալկե-04»-ում: Փոխարենը մենք ունենք Էդգար Մանուչարյան «Այաքսում», որը վնասվածքների պատճատով դեռ չի կարողանում ամրապնդվել այդ հեղիանակավոր ակումբում եւ հավանաբար շուտով վարձավճարով այլ թիմում կհայտնվի:
Մինչեւ 21 տարեկանների հավաքակաների շարքում եւս Ադրբեջանը զիջում է Հայաստանին եւ Վրաստանին: Ներկայումս ընթացքի մեջ գտնվող Եվրոպայի 2009թ. առաջնության ընտրական փուլում Հայաստանը եւ Վրաստանը իրենց ենթախմբերում ընթանում են նախավերջին տեղում, իսկ ահա Ադբրեջանը վերջին հորիզոնականում է:
Մինչեւ 19 տարեկան հավաքականների պայքարում ներկայումս բացահայտ առաջատարը այս երկրների շարքում Հայաստանն է: Միայն մեր 19 տարեկանների հավաքականին է հաջողվել հաղթահարել խմբային առաջին փուլի արգելքը եւ դուրս գալ էլիտ-ռաունդ, որտեղ արդեն հայ ֆուտբոլիստները անհաջողության մատնվեցին: Իսկ ահա Վրաստանը եւ Ադրբեջանը չէին կարողացել դուրս գալ էլիտ-ռաունդ:
17 տարեկանների պայքարում բոլոր 3 հավաքականներն էլ անհաջողության են մատնվել Եվրոպայի առաջնության խմբային մրցաշարի առաջին փուլում: Այսպիսով, ելնելով ազգային, երիտասարդական, մինչեւ 17 եւ 19 տարեկան հավաքականների արդյունքներից, կարելի է ասել, որ Հայաստանը լավագույնն է Կովկասում: Հայաստանի մի փոքր զիջում է Վրաստանը, իսկ Ադրբեջանը ակնհայտ ետնապահն է տարածաշրջանում:
Այլ է պատկերը ակումբային ֆուտբոլում: Այստեղ արդեն Հայաստանն ոչնչով չի կարող հպարտանալ: Մեր առաջնությանը մասնակցում են ընդամենը 8 թիմեր, մինչդեռ Վրաստանի եւ Ադրբեջանի առաջնություններին մասնակցում են 14-ական թիմեր: Բացի այդ Հայաստանում առաջին խմբի առաջնությունը ձեւական բնույթ է կրում, քանի որ այնտեղ հանդես են գալիս բացառապես բարձրագույն խմբի «դուստր» թիմերը, որոնք ըստ կանոնադրության` իրավունք չունեն հանդես գալ բարձրագույն խմբում, եթե նույնիսկ հաղթեն առաջին խմբի մրցաշարում:
Վերջին 5 տարիներին Եվրագավաթների խաղարկություններում ունեցած ելույթների արդյունքներով Հայաստանը զիջում է հարեւան երկրներին եւ ՈՒԵՖԱ-ի ակումբային վարկանիշային աղյուսակում զբաղեցնում է 43-րդ հորիզոնականը: Վրաստանը այստեղ 38-րդն է, իսկ Ադրբեջանը` 42-ը:
Տարբերությունը այնքան էլ մեծ չէ այս աղյուսակում, սակայն իրականում Հայաստանի ակումբային ֆուտբոլը զգալիորեն զիջում է, քանի որ մեզ մոտ ֆուտբոլը զարգացած է միայն Երեւանում, իսկ մարզերից պրոֆեսիոնալ ակումբներ ունեն միայն Շիրակը եւ Սյունիքը: Վրաստանում եւ Ադրբեջանում մարզային ֆուտբոլի վրա մեծ ուշադրություն է դարձվում, որի արդյունքում էլ բարձրագույն խմբում անհամեմատ շատ ակումբներ են հանդես գալիս:
Ադրբեջանական ակումբները բավական ակտիվ են տրանսֆերային շուկայում եւ իրենց կազմերում ունեն մեծ թվով լեգեոներներ, որոնց թվում նաեւ հայտնի ֆուտբոլիստներ Թուրքիայից, Ուկրաինայից, Մոլդովայից եւ Ռուսաստանից: Ադրբեջանական ակումբները հրավիրում են նաեւ հայտնի մարզիչների:
Բաքվի «Նեւֆթչին» ներկայումս մարզում է Կիեւի «Դինամոյի» նախկին մարզիչ Անատոլի Դեմյանենկոն: Վրացական ակումբները ավելի համեստ հնարավորություններ ունեն, իսկ Հայաստանում ակումբային ֆուտբոլում անհամեմատ համեստ գումարներ են ներդրվում: Համապատասխան ենթակառուցվածքներով ապահովված են միայն 4-5 ակումբներ: